Wednesday, June 9, 2010

«ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ»

«ԱԶԳ», 09-06-2010- Այսպիսի վերտառություն ուներ ԼՂՀ Շահումյանի շրջանի սահմանամերձ Ղարաչինարի կենտրոնական հրապարակում 1980 թվականի մայիսի 9-ի Մեծ հայրենականի 35-ամյա հաղթանակի կապակցությամբ երախտապարտ ղարաչինարցիների սեփական միջոցներով կառուցած հուշարձան-կոթողի գլխավոր պատը: Հուշարձան-կոթողը կառուցել էին ենթաշրջանի Ղարաչինարի, Մանասի շենի եւ Գաղթութի ժողովուրդըՙ հավերժացնելու իրենց ամենահայրենասեր ու արժանի 308 զավակների հիշատակը: Ենթաշրջանից ամենանվիրական 715 երիտասարդներ ու դուստրեր 1941-45 թվականներին հայրենիքի պաշտպանության կանչով մեկնել էին ռազմաճակատ, բայց վերադարձել էին ընդամենը 407-ը: Իսկ հավերժ երիտասարդ մնացած 308 զինվորներն իրենց կյանքը նվիրաբերել էին մեծ հաղթանակին: Այդ իսկ պատճառով հուշարձան-կոթողի քարե հուշատախտակի վրա փորագրված էր բոլորի անուն, հայրանուն, ազգանունը: Մայիսի 5-ին Երեւանում Ռոմիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայաստանաբնակ մի խումբ շահումյանցիների խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին 1988-92 թթ. ազգային ազատագրական պայքարին միացած Շահումյանի շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնք հրեշավոր չափերի են հասել հատկապես 1992 թ. հունիսի 12-ին Շահումյանում սկսած «Օղակ» օպերացիայի հետեւանքով մինչեւ 1992 թ. հունիսի 12-ը, ըստ շահումյանցի Կիմ Ղահրամանյանի «Հյուսիսային Արցախ. Գոյության պայքար» Բ գրքի 88-110 էջերի, Երեւան 1993 թ.: Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Շահումյանի 11 հայկական գյուղերում զոհվել են 177 մարդ, իսկ հունիսի 13-անկման օրը զոհվել են 325 մարդ, որոնք միասին կազմում են 502 զոհ: Անկման օրը Ղարաչինարի Սուրբ Հովհաննես եկեղեցում առանձահատուկ դաժանությամբ «զոհաբերվել» է մի պառավ կին: Այս հրեշավոր ոճրագործության պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա: Այսքան մեծաքանակ զոհեր Ադրբեջանում գտնվող այլ հայկական տարածքներում չեն գրանցվել: Զավեշտական է, որ այն ժամանակ գործող հայկական իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձրել այս ամենին: Սակայն ավելի անբացատրելի է «Շահումյան Գետաշեն» կոչվող բարեգործական միության անտարբերությունը սեփական ժողովրդի ճակատագրի հանդեպ: Հակառակ դեպքում Հայոց ցեղասպանության թանգարանի տարածքում, որտեղ վաղուց արդեն կառուցված են Սումգայիթի, Բաքվի եւ Գանձակի հուշարձանները, տեղ կգտներ նաեւ Շահումյանի հուշարձանը: Քանի որ Շահումյանի շրջանում, բացի ունեցած մեծաքանակ զոհերից, ունեցել ենք նաեւ մոտ 1000 քառ. կմ տարածքի կորուստ, որը սակավահող Հայաստանի համար բավական մեծ տարածքային կորուստ է: Շահումյանի շրջանի անկումից անցել է 18 տարի, սակայն աշխարհասփյուռ շահումյանցիները միշտ եղել եւ այսօր մնում են իրենց հայրենիքի պահանջատերը, եւ ադրբեջանական ագրեսորից պահանջում են Շահումյանի շրջանը ամբողջովին վերադարձնել օրինական տերերին, իսկ օրինական տերը շարունակ հանդիսացել է հայ ժողովուրդը: Շահումյանի զոհերի հուշարձան-կոթողի նախաձեռնությունը հավանության է արժանացել նաեւ Երեւանում գտնվող ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչությունում: Նկատի ունենալով այն փաստը, որ Երեւան քաղաքի տարածքում որեւէ շինության կամ հուշակոթողի տեղադրման թույլտվությունը տալիս է Երեւանի գլխավոր ճարտարապետը, բոլոր շահումյանցիների անունից դիմում եւ խնդրում ենք պարոն Սամվել Դանիելյանինՙ թույլատրել Հայոց ցեղասպանության թանգարանի տարածքում, որտեղ տեղադրված են Սումգայիթի, Բաքվի եւ Գանձակի կոթողները, տեղադրել նաեւ Շահումյանի կոթողը: Իսկ կոթողը կառուցելու համար Երեւանի «Առէքսիմբանկում» Ռոմիկ Աբրահամյանի անունով բացվել են հետեւյալ հաշվեհամարները: Ընդհանուր կոդՙ 23800 AMD 21391740100, RUR 21391740158, EUR 21391740149: Բոլոր նրանք, ովքեր կարող են եւ ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ սույն բարեգործության մեջ, կարող են օգտվել այս հնարավորությունից: Արդեն եղել են որոշ արձագանքներ, որոնց համար շնորհակալություն ենք հայտնում: Հիշենք, որ Շահումյանի անկման տարեդարձին հաշված օրեր են մնում: Հարգանքներովՙ հուշակոթողը նախաձեռնող խմբի ղեկավար ՌՈՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

No comments: