Wednesday, June 16, 2010

«Հետօսմանյան ռեջեփ թայիբ էրդողաններն ու ահմեդ դավութօղլուները կեղծավոր վայնասունով առաջ են տանում սեփական պատկերացումները...»

Panorama.am. 15-6-2010- Օրերս The Washington Times և իսրայելական The Jerusalem Post պարբերականներում տպագրվել է Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի «Թուրքիան, Իսրայելը և ճշմարտության պահը» հոդվածը Ստորև ներկայացված է հոդվածի ամբողջական թարգմանությունը: Ներկայիս Թուրքիայի ուսերին է դրված գրեթե մեկ դար առաջ հայ ժողովրդի նկատմամբ օսմանյան իշխանությունների իրականացրած Մեծ ցեղասպանության և հայրենազրկման բեռը: Իսրայելը, իր հերթին, որ ընդամենը մեկ սերունդ հետո իր վրա զգացել է Հոլոքոստը, իր մեղքն ունի հայերի վտարման ու հայրենազրկման մեջ` անարդարացիորեն ստվերելով ու չընդունելով մարդկության դեմ իրականացրած այդ ծանր, անդառնալի հանցագործության իրողությունը: Մեր ժամանակներում թուրք հանցագործն ու հրեա տուժողը, պատմականորեն լինելով իրարից տարբեր, կարողացել են հաղթահարել իրենց տարակարծությունները, ստեղծել են ռազմավարական դաշինք, որտեղ խաղարկվում է ազգային շահը: Նրանց վարած քաղաքականությունը սերտաճել է: Թե՛ Թուրքիայում, և թե՛ հրեական աշխարհում, բարեբախտաբար, գտնվել են բարեգութ քաղաքացիներ, ովքեր չնայած երկուստեք ինքնակարևորման զրույցների, ասենք, օրինակ, թուրք ազգի անսխալականության կամ Հոլոքոստի յուրահատկության պարագայում, հավասարակշռել են իրենց պետությունների գործելաոճը, հասկացել են, որ պետք է որսալ պատմության հրամայականները, հաշվի նստել դրանց հետ, պատասխանատվություն ստանձնել ու դասեր քաղել ցեղասպանության համընդհանուր խնդրից: Իսկ այս «արդար» մուսուլմանները և հրեաները դեռ չեն կարողանում հասնել այդ օրվան: Փոխարենը, հետօսմանյան բազմազան ռեջեփ թայիբ էրդողաններն ու ահմեդ դավութօղլուները կեղծավոր վայնասունով առաջ են տանում սեփական ծեծված պատկերացումները տարածաշրջանային վերահաստատված հեգեմոնիայի և կայսերական նշանակության վերաբերյալ: Այս անգամ ցեղասպանության ժխտողները խեղաթյուրում են ազատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հասկացությունները , որպեսզի ի վերջո հասնեն իրենց նպատակին: Գազայի շրջափակումն Իսրայելի կողմից անհարիր է և կարիք ունի լուծման, Պաղեստինը, ինչպես և Լեռնային Ղարաբաղը, վաստակել է իր իրավունքը ինքնիշխան պետականություն ունենալու համար: Անկարայում մշակված պրովոկացիայի էությունն ու հռետորությունը, ինչը սադրելու էր Իսրայելի պատասխանը «Ազատության նավատորմին», բացահայտում է թուրք իշխանավորների իրական մտադրությունները. 1) տարածաշրջանային խաղաղարության հաշվին խաբեությամբ իրականցնել սեփական ազդեցության ընդլայնումը, 2) քողարկել սեփական չարաշահումը, որպես գործիք օգտագործելով մարդկանց, ում ցանկանում են հասնել իսլամական համերաշխության անվան տակ, 3) կոծկել 1993 թ-ին ի վեր Հայաստանի դեմ կիրառված սեփական անօրինական շրջափակումը: Նրանք ներկայացնում են մի պետություն, որը բնաջնջեց մի ողջ քաղաքակրթություն, ցեղասպանություն իրականցնելով հայերի դեմ, ինչպես նաև ասորիների, Պոնտոսի հույների և ավելի ուշ քրդերի նկատմամբ և որը չի գտել իր մեջ քաղաքական այն կամքն ու բարոյական ուժը ընդունելու, քավելու և ուղղակի հատուցելու համար: Նրանք ներկայացնում են մի պետություն, որը հեռու լինելով զղջման գաղափարից և իրական հաշտեցումից իր էմբարգոներն ու պատերազմական այլ հանցագործություններն է կիրառում ցեղասպանությունից հրաշքով փրկված հայկական մնացորդ պետության նկատմամբ: Նրանք ներկայացնում են մի պետություն, որը ստեղծվել է հայերի պապենական ժառանգությունից բռնի վտարման արդյունքում և ովքեր այսօր օրենքից դուրս են համարում Ցեղասպանության վերաբերյալ որևէ հիշատակում և դատապարտում են մահվան նրանց , ովքեր Հրանտ Դինքի նման, ճշմարտության միջոցով խաղաղություն ու հանգստություն էին փնտրում: Եվ այժմ, այդ «չափավոր իսլամիստները» սիրախաղում են Իսրայելի հետ իրենց սեփական նախագծերի խաղարկման ու չնչին միավորներ վաստակելու համար: Հարցեր են առաջանում: Հրեական շրջանակներում և դրանցից դուրս հավաքական խիղճը «թարմացվել է» և թվում է` աստիճանաբար դուրս է գալիս «Օրվելյան փոսից»: Մարդիկ սկսում են խոստովանել և վերհիշել Թուրքիայի ցեղասպանական անցյալը: Արժեհամակարգի վերաձևավորման առումով, սա, ինչ խոսք, ողջունելի է: Ինչպես հայկական ասացվածքն է ասում, չկա չարիք, առանց բարիք: Բայց այս նախնական փուլում պատմության հետ ամբողջական հաշտություն կնքելու համար անհրաժեշտ է, որպեսզի հիմնավորումը լինի ամուր, իսկ իրականացումը` ամբողջական: Թուրք ժողովուրդը ճիշտ կաներ նախ սանձեր, ապա արձակեր այն բոլոր երկերեսանի արկածախնդիրներին, որոնց ժամանակակից քաղաքականությունը Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և երիտթուրքական կոալիցիայի անմիջական ժառանգությունն է, ովքեր էլ առաջնորդեցին ցեղասպանությունն ու Հայկական բարձրավանդակի վերջնական բռնազավթումը: Սակայն սա իրականում թուրքերի խնդիրն է: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, Եվրոպային և նույնիսկ Իսրայելին, ապա այս կեղտոտ խաղը կարող է պարզապես իրենց նախավերջին հնարավորությունը լինել ճանաչելու անվանորեն սպանված մի ազգի, արդարադատության առաջ կանգնեցնել պատասխանատուին և, վերջապես, երաշխավորել պահանջի իրավունքը և զոհերի ու նրանց այժմյան սերունդների փոխհատուցումը: Ոչ որպես լավության:

No comments: