Wednesday, June 16, 2010

ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ԽԵԼՈՔՆԵՐԸ

Արամ Ապատյան. «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ -ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, խոսելով ՀՀ լեզվի օրենքում փոփոխություններ կատարելու մասին, խորհուրդ է տալիս սպիտակը սեւ չսարքել, որ սա արդել լրամշակված տարբերակն է և վերջնական տարբերակը: Սակայն նախաձեռնության անդամներն այս տարբերակին էլ են դեմ. Որո՞նք են վտանգները: -Եկեք հասականանք` ով է սպիտակը և ով է փորձում սևը սպիտակ դարձնել: Երբ ասում ենք օտարալեզու դպրոցների բացումը վտանգ է ներկայացնում, մենք ի նկատի ունենք, որ բոլորովին էլ կարևոր չէ` այդ դպրոցները քանի հատ են բացվելու` մեկ, թե հիսուն: Առաջարկվում է ստեղծել սահմանափակ քանակի դպրոցներ, ինչն արդեն հակաօրինական է այն իմաստով, որ միջնակարգ ուսման իրավունքը սահմանափակում չպետք է ունենա: Եթե որևէ ձեռներեց ցանկանում է օտարալեզու դպրոց հիմնել, որևէ հիմք չկա նրան մերժելու, ասելու` գիտես, մենք սահմանափակ թվով դպրոցների ենք իրավունք տվել, քանի որ ասածը որևէ իրավաբանական ուժ չունի, և շատ հեշտությամբ այդ գործարարը կարող է միջազգային դատարան դիմել և շահել դատը: Բացի այդ, այդ դպրոցներում սովորելու են հարուստները և խելոքները: Այդ երեխաները, ավարտելով այդ դպրոցները, որակյալ համալսաններում կշարունակեն ուսում ստանալ, կգրավեն կարևոր պաշտոններ: Արդյունքում մենք կունենանք մի վերնախավ, որը կլինի օտարալեզու վերնախավ, հասարակությունն էլ նայելով նրանց` կասի` ահ, սա է ճանապարհը հաջողության, այս երեխան գնաց ոչ հայալեզու դպրոց և դարձավ մեծ մարդ, և բոլորը կփորձեն կրկնօրինակել, ինչն արդեն իսկ մեծ հարված կհասցնի հայկական դպրոցին, որն ինքը որակի առումով շատ բացեր ունի այս պահին: -Արամ, Դուք այն կարծիքն եք հայտնում, որ եթե օրինագիծը ԱԺ ում ընդունվի, Արմեն Աշոտյանի հրաժարականն եք պահանջելու, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը խրախուսում է այս օրինագիծը, այս դեպքում նրա հրաժարականն է՞լ եք պահանջելու: -Մեր պահանջը հետևյալն է` ով կողմ է, հեռացի'ր: Մենք չենք սահմանափակում` կլինի նախագահ, նախարար, թե վարչապետ: Հասկանալի է, որ սա միայն Աշոտյանի նախաձեռնությունը չէ և ոչ էլ Սերժ Սարգսյանինը: Դեռ անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարն ասել էր1, որ նպատակ ունեն ռուսաց լեզվին նախկին ԱՊՀ տարածքում պետական լեզվի կարգավիճակ տալ կամ այն դարձնել ժողովուրդների ազգամիջյան հաղորդակցման լեզու: Դրանից անմիջապես մեկ շաբաթ հետո Русский Мир հիմնադրամի ղեկավար Նիկոնովը ասաց հետևյալը2. “Հայաստանի այժմյա ղեկավարության հետ դրան հասնելն ավելի հավանական է”: Շատ հետաքրքիր է` սա ինչպե՞ս կմեկնաբանեն Աշոտյանը և մեր իշխանությունները, նրանք խնդիր կդնե՞ն ռուսերենը դարձնել պետական լեզու, թե ոչ: -Արամ, մինչև օրինագծի ԱԺ մտնելը, նախաձեռնության անդամներն ԱԺ էին գնում, հանդիպում տարբեր ֆրակցիաների, ինչպես նաև առանձին պատգամավորների հետ: Հիմա, մինչև արտահերթ նիստը, ի՞նչ եք պատրաստվում անել: -Հանդիպումները կշարունակվեն, ինչպես նաև կընդլայնենք մեր շարքերը: Շատերը պարզապես չգիտեն` ինչի մասին է խոսքը: Հարցը շատ հաճախ այսպես է ներկայացվում` իսկ ինչ է, դուք չե՞ք ուզում, որ մարդիկ լեզու իմանան: Բնականաբար, մենք կողմ ենք, որ մարդիկ ստանան որակյալ միջնակարգ կրթություն, հարցն այն է, որ դա պետք է կատարվի հայոց լեզվի հիման վրա: Եվ եթե մինչև ԱԺ մտնելը օրենքի շուրջ տեղի ունենային լայնածավալ քննարկումներ, հասարակությունը ստանար տեղեկատվություն` ինչի մասին է խոսքը, բնականաբար, ճնշող մեծամասնությունը կասեր, որ մեր խնդիրն ուրիշ է. մենք պետք է առողջացնենք, որակապես բարձրացնենք հայալեզու դպրոցը, ինչը կլիներ խնդրի ռացիոնալ եւ ադեկվատ լուծում: -Իսկ ի՞նչ ռացիոնալ ծրագիր եք դուք առաջարկում: -Տարբերակներ, առաջարկներ շատ կան: Օրինակ` ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը բազմիցս պնդում է հետևյալը, որ այսօրվա օրենքը դպրոցին թույլ է տալիս դասաժամերի կեսից ավելին օգտագործել իր հայեցողությամբ, այսինքն` ավելացնել լեզուների ժամաքանակը` դա կլինի օտար լեզվով թե գրականությունը , թե քերականությունը, թե առանձին առարկաների տերմինաբանությունը: Եթե ուզում են զարգացնել լեզուների տերմինաբանությունը` ֆիզիկա, քիմիա և այլն, դա էլ է հնարավոր, պարզապես պետք է ժամաքանակի ավելացում գնա, ոչ թե շաբաթական երկու ժամ, այլ շատ ավելի: Եվ երբ խոսում են`ինչպես կարելի է զարգացնել լեզուների իմացությունը, դա կարելի է անել ինչպես դպրոցների շրջանակներում, այնպես էլ դպրոցից դուրս` արտադպրոցային հնարավորություններն օգտագործելով: Այստեղ մենք առաջ քաշեցինք լեզվական կենտրոնների զարգացման մի ծրագիր, այսպիսով մենք կունենանք հնարավորություն ոչ միայն սահամանափակվել 15 դպրոցով կամ ընդամենը մի քանի լեզուներով, այլ այդ կենտրոններում կկարողանան սովորել բոլորը եւ ուր կսովորեցնեն նաեւ լեզուների լայն ընտրանի, այդ թվում այն պետությունների լեզուները, որոնց հետ հարևան ենք, սահամաններ ունենք` թուրքերերն, պարսկերեն և այլն: -Իսկ այս ընթացքում հանդիպե՞լ եք դպրոցների տնօրեններին, բացի Աշոտ Բլեյանից կարծես որևէ կրթական հաստատության տնօրենի ձայն չի լսվել, դպրոցն այդ առումով պասի՞վ է: -Ցավոք սրտի, այդ առումով մենք խնդիր ունենք դպրոցների հետ, քանի որ դպրոցները կախման մեջ են գտնվում իշխանությունից, բնականաբար, նրանք կարող է վախենան հետևանքներից: Պաշտոնը քաղցր բան է, մարդիկ մտածում են առաջին հերթին իրենց աթոռների մասին, բայց չենք կարող ասել, որ մեր շարքերում չկան մանկավարժներ, տնօրեններ, պարզապես դա զանգվածային չէ, քանի որ դպրոցները պետք է լինեին ամենահետաքրքվածն այս հարցում: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ 1. http://www.vz.ru/news/2009/11/3/344806.html 2. http://www.echo.msk.ru/programs/speakrus/632492-echo/

No comments: