Thursday, June 17, 2010

Արմեն Այվազյանը Իսկանդարյանի դեմ բողոքը կտանի միջազգային դատարան

Tert.am, 17.06.10: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայտարարություն է տարածել ՀՀ վճռաբեկ դատարանի 2010թ. ապրիլի 28-ի որոշման կապակցությամբ, որում ասվում է. «Սույն թվականի մայիսի 21-ին «Ջի ընդ Այ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակը ստացել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 28-ով թվագրված որոշումը, որով վարույթ չի ընդունվել և վերադարձվել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը` նախագահությամբ դատավոր Է. Հայրիյանի, մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի, Ս. Անտոնյանի, Վ. Ավանեսյանի, Ե. Խունդկարյանի, Մ. Դրմեյանի, Տ. Պետրոսյանի և Ե. Սողոմոնյանի, չանդրադառնալով նշված վճռաբեկ բողոքի փաստարկներից և ոչ մեկին, վերացական դատողությունների հիման վրա եզրակացրել է, որ այն անգամ ենթակա չէ քննարկման: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության դատական համակարգը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին զրկել է թե՛ իր հայցի, թե՛ բողոքի քննության իրավունքից, որն ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ստանձնած մի շարք միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է: Հիշեցնենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն իր վերը նշված հայցով փորձել է վիճարկել «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի` հայոց ցեղասպանությունը ժխտող գրականության հրապարակման և տարածման թույլատրելիությունը: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայտարարում է, որ մինչև վերջ հետամուտ է լինելու այս հիրավի վնասակար նախադեպի վերացմանն ու դատապարտմանը: Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կենտրոնն սպառել է իրավական պաշտպանության բոլոր միջոցները, այժմ նախապատրաստում ենք դիմում, որը շուտով կներկայացվի միջազգային դատարանի քննարկմանը»:

No comments: