Wednesday, June 16, 2010

Էրդողան. «Վաշինգտոնը երկակի չափորոշիչներ է կիրառում Մերձավոր Արեւելքում»

«Ազատություն» 16-6-2010- Միացյալ Նահանգները երկակի չափորոշիչներ է կիրառում Մերձավոր Արեւելքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպման ժամանակ: «Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբ, դիմելով պաշտոնական Վաշինգտոնին` Էրդողանը հայտարարել է. - «Դուք խոսում եք ժողովրդավարությունից, հետո նույն ժողովրդավարությանը հակասող քայլեր ձեռնարկում: Երբ պետք է` աջակցում եք բռնապետական վարչախմբերին, իսկ երբ բխում է ձեր շահերից` խոսում եք ժողովրդավարությունից»: Հերթական անգամ քննադատելով Վաշինգտոնի քաղաքականությունը` Էրդողանը միաժամանակ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, այդուամենայնիվ, շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական եւ վաղեմի դաշնակիցը: «Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը պետք է լավ հասկանա ու գնահատի փաստը, որ Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականությունը կարող է է'լ ավելի ակտիվացնել երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Ավելի վաղ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները` պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը եւ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, դժգոհություն էին հայտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թուրքիայի որդեգրած քաղաքականության վերաբերյալ: «Այն հանգամանքը, որ Թուրքիան` Միացյալ Նահանգների վաղեմի դաշնակիցը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դեմ քվեարկեց Իրանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներին, անշուշտ, հիասթափեցրեց Միացյալ Նահանգներին», - հայտարարել էին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները: Ավելին, Պենտագոնի ղեկավարը կարծիք էր հայտնել, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխության համար որոշ չափով պատասխանատվություն է կրում նաեւ Եվրոպան: «Թուրքիան շրջվել է դեպի Արեւելք նաեւ այն պատճառով, որ Եվրամիության որոշ անդամներ դեմ են արտահայտվում այդ երկրի անդամակցությանը», - կարծիք էր հայտնել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը: Թուրքիայի իշխանությունները, սակայն, հերքում են արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին հայտարարությունները: «Արեւմուտքից դեպի Արեւելք շրջվելը ոչ հնարավոր է եւ ոչ էլ ճիշտ Թուրքիայի համար», - երեքշաբթի երեկոյան հայտարարել է Ռեջեփ Էրդողանը եւ ընդգծել. - «Այս անհերքելի ճշմարտությունը պատմությունը բազմիցս է ապացուցել»: «Թուրքիան չի փոխում իր արտաքին քաղաքականության կուրսը` Թուրքիան այն ընդյալնում է», - հայտարարել է վարչապետը եւ մանրամասնել. - «Անկարան գործում է իր սեփական եւ ոչ թե ուրիշների շահերից ելնելով: Որեւէ երկիր չի կարող մեզ իր օրակարգը թելադրել»:

No comments: