Tert.am. 16-6-2010- Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունիսի 17-19-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին։
Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ ՀՀ նախագահը Հայկական ազգային մշակութային կենտրոնում հանդիպում կունենա համայնքի ղեկավարության հետ, ներկա կգտնվի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում հայկական ձեռագրերի և հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, իսկ Սանկտ Պետերբուրգի համալսարանում` Երևանի ու Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջև համագործակցության ծրագրի ստորագրման արարողությանը։
Սերժ Սարգսյանը նաև ներկա կգտնվի Մարիինյան համերգասրահում հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական համերգին, կմասնակցի համայնքի հոբելյանի կապակցությանբ Տավիրկյան պալատում կայանալիք պաշտոնական ընդունելությանը, որտեղ հանդես կգա ելույթով։
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment