Thursday, June 10, 2010

«ԶԱՐԹՕՆՔԸ»ՙ ԿՐԿԻՆ ՕՐԱԹԵՐԹ

«ԱԶԳ, 10-06-2010- Հունիսի 1-ից ՌԱԿ Լիբանանի պաշտոնաթերթ «Զարթօնքը» վերսկսեց օրաթերթային ռեժիմով լույս տեսնել, Պայծիկ Գալայճյանի խմբագրությամբ: «Խմբագրութեանս, թերթի աշխատակազմին ու բազմաթիւ աշխատակիցներու պատրաստակամութիւնն ու համագործակցութիւնը գնահատելով, ինչպէս նաեւ հարթելէ ետք առկայ շարք մը դժուարութիւնները, այս թիւէն սկսեալ «Զարթօնք» կը վերադառնայ օրաթերթային դրութեան», կարդում ենք այդ առթիվ հրապարակված խմբագրության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ շուրջ 1,5 տարի տեւած դադարից հետո «Զարթօնք» օրաթերթը 2009 թ.-ին վերսկսեց հրատարակվել եռօրյա պարբերականությամբ: Իսկ այժմ, համալրելով իր աշխատակազմը նոր եւ հին լրագրողներով, փաստորեն ձգտում է վերանվաճել իր ավանդական դիրքերը, որոնք հաստատվել են 73 տարի առաջ, անմահանուն բանաստեղծ եւ հրապարակագիր Վահան Թեքեյանի խմբագրապետությամբ: Թերթի հաջորդական խմբագիրներն են եղել Լեւոն Թյությունճյանը, Հովհ. Պողոսյանը, Հակոբ Դավիթյանը, Միքայել Նաթանյանը, Գրիգոր Պեքերեճյանը, Համբարձում Գումրույանը, Գերսամ Ահարոնյանը, Հակոբ Ավետիքյանը, Պարույր Աղբաշյանը եւ Հրայր Կարապետյանը: Թերթն իր ամենափայլուն շրջանն ապրել է 1948-1981 ժամանակաշրջանումՙ Գերսամ Ահարոնյանի ղեկավարությամբ: «Զարթօնք» օրաթերթը ավանդաբար եղել է ռամկավար ազատական գաղափարախոսության հարազատ քարոզիչը, Ռամկավար ազատական կուսակցության գլխավոր խոսափողը: Շնորհավորում ենք խմբագրին, բոլոր աշխատակիցներին եւ պատասխանատուներին, լիբանանահայությանը:

No comments: