«ԱԶԳ», 16-06-2010- Իրանական մի քանի կայքերի փոխանցմամբ, Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի ` վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու վերաբերյալ: Նշվում է, որ դա կկատարվի Աֆղանստանի հարցում ԱՄՆ-Ադրբեջան գործակցության շրջանակներում: Իրանական կայքերը գրում են, որ Ադրբեջանում տեղակայվելիք ամերիկյան ռազմաբազաները հնարավոր է, որ օգտագործվեն նաեւ ընդդեմ Իրանի, եթե Վաշինգտոնը հանկարծ պատերազմ սկսի վերջինիս դեմ: «Արդյոք Բաքուն կտրամադրի՞ իր տարածքը` հակաիրանական գործողությունների համար, առայժմ անորոշ է, սակայն փաստն այն է, որ Գեյթսի այցելությունից հետո ադրբեջանական Միլի մեջլիսը հաստատեց երկրի ռազմական դոկտրինը, որով, փաստորեն, կթույլատրվի Ադրբեջանում տեղակայել օտարերկյա ռազմաբազաներ», գրում է իրանական «Իռաս.իր»-ը: Ավելորդ չենք համարում կրկին հիշեցնել, որ, ըստ իսրայելական մամուլի, Ադրբեջանի հարավում արդեն իսկ կան տեղակայված ամերիկա-իսրայելական հետախուզական կենտրոններ` բնականաբար ընդդեմ Իրանի, այնպես որ Թեհրանի մտահոգությունները կարելի է արդարացված համարել, մանավանդ որ Գեյսթի` Բաքու այցի ընթացքում քննարկվել է հենց հարավային Ադրբեջանում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման, Գաբալայի ռադարային կայանի համատեղ շահագործման հարցերը, իսկ հունիսի 14-18-ը Բաքվում կկայանա ամերիկա-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ սեմինար: Թվում է, թե Վաշինգտոնը մեծ կարեւորություն է տալիս Ադրբեջանին` խորացնելով վերջինիս հետ ռազմական համագործակցությունը, սակայն ամերիկացի հետախույզ, նախկին լրագրող Թոմաս Գոլցը Foreign Policy հանդեսում բավական սենսացիոն հոդված է տպագրել, ըստ որի ԱՄՆ-ին առհասարակ չի հետաքրքրում Ադրբեջանը: Գոլցը գրում է. «Իմ Բաքվում գտնվելու ժամանակ ինձ զանգահարեց իմ նախկին ղեկավարը` ԱՄՆ հետախուզության սպան, եւ առաջարկեց միասին գարեջուր խմել: Նա ասաց, որ ինձ հետ զրուցելու հանձնարարություն է ստացել Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դոնալ Լուից: Մենք պետք է կասեցնեինք Ադրբեջանի հետ ԱՄՆ վատթարացող հարաբերությունների ընթացքը: Իսկ իրականում մեզ ամենեւին էլ չեն հետաքրքրում Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հաստատումը, ոչ Իսրայելի եւ Թուրքիայի հարցը, ոչ էլ Ղարաբաղում խաղաղության հաստատումը, մեզ համար այլեւս կարեւոր չեն Ադրբեջանի էներգետիկ պահուստները: Մենք այժմ զբաղված ենք միայն մեկ բանով` դա Աֆղանստանն է»: Գոլցը նշել է, որ, ճիշտ է, Ադրբեջանը` ամերիկա-ադրբեջանական ոչ բարվոք հարաբերությունների ընթացքում երբեք չի սպառնացել, որ կփակի դեպի Աֆղանստան միջացքը, սակայն «եթե Բաքուն այդպիսի քայլի դիմեր, ապա այն լրջորեն կանհանգստացներ Պենտագոնին: Հենց այս պատճառով էլ նախագահ Օբաման Աֆղանստանում խաղաղարար գործողություններում դեր ունենալու համար շնորհակալական նամակ ուղարկեց Իլհամ Ալիեւին: Չնայած, պետք է նշել, Ալիեւը դժգոհ մնաց Օբամայի նամակից, եւ թերեւս այդ պատճառով ճաշի չհրավիրեց Բաքվում գտնվող Գեյթսին: Փոխարենը Պենտագոնի ղեկավարը ճաշի հրավեր ստացավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւից, որը, սակայն, մերժեց: Դրանով, փաստորեն, Կովկասում խախտվեց հյուրամեծարության ավանդույթը», նշել է Գոլցը:
Ստացվում է, որ Վաշինգտոնի եւ Բաքվի հարաբերություններն ամենեւին էլ չեն վկայում, որ ԱՄՆ-ը Կովկասում կարեւորում է առաջին հերթին Ադրբեջանին` մանավանդ որ «Վաշինգտոնին այլեւս չեն հետաքրքրում Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները», իսկ գաղտնիք չէ, որ հարեւան երկիրը որեւէ այլ առավելություն չունի` մանավանդ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության «բարձր մակարդակով»` հիմնված սուլթանական կարգերի վրա:
Հ. ԱՖՅԱՆ
Wednesday, June 16, 2010
ԱՄՆ-ԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ. ԿԱՐԵՎՈՐԸ ԱՖՂԱՆՍՏԱՆՆ Է
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment