News.am. 16-6-2010- Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը Թուրքիայի վարչապետին մեղադրել է ստախոսության եւ իրենց կուսակցությունը փակելու հրահանգ տալու մեջ։
Սելահաթին Դեմիրթաշը կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում քննադատել է Էրդողանի վերջին ելույթը, որտեղ Թուրքիայում աճող ահաբեկչության մեղքը բարդվել էր «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության վրա։
Դեմիրթաշը, նշելով, որ Էրդողանի ելույթից չէր հասկացվում վերջինս իր երկրի՞, թե՞ օտար երկրի խնդիրներից է խոսում՝ ավելացրել է, որ եթե Թուրքիայի վարչապետը ուղիղ եթերով ժողովրդի առաջ սուտ է խոսում, ուրեմն նրա քաղաքական գաղափարները սպառվել են։
Ըստ Դեմիրթաշի՝ իրենց կուսակցությունը ամեն ինչ արել է, որ քրդական հարցը կարգավորվի եւ խաղաղություն հաստատվի, իսկ Էրդողանն իր ելույթում բացահայտ կերպով հրահանգ տվեց, որ իրենց կուսակցության դեմ փակման գործընթաց սկսվի։ «Մենք դա հասկացանք, քանի որ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության (DTP) փակվելուց առաջ էլ Թուրքիայի վարչապետը նմանատիպ ելույթներ էր ունեցել։ Էրդողանը ամբիոնի մոտ 1 ժամ շարունակ միայն բողոքում է եւ ասում, որ քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը խանգարում են։ Այդ ի՞նչ կոնկրետ նախագիծ է նա ձեռնարկել, որին արգելք են հանդիսացել։ Մեկ տարի առաջ հայտարարեց քրդական հարցի կարգավորման մասին, սակայն ոչինչ չարեց եւ հիմա մեզ վրա հարձակվելով՝ փորձում է խուսափել պատասխանատվությունից»,- նշել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը։
Wednesday, June 16, 2010
Քուրդ կուսակցապետը Էրդողանին մեղադրել է ստախոսության մեջ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment