Wednesday, June 16, 2010

Սեյրան Շահսուվարյան. «Պաշտոնական ոչ մի այդպիսի հայտարարություն չկա»

7Or.am. 16-6-2010- Ռուսական լրատվամիջոցները գրում են, թե հնարավոր է՝ ռուսական զորքերը մոտ ժամանակներս հայտնվեն Արցախում։ Մասնավորապես, «Նաշե վերսիա» պարբերականը հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության իր աղբյուրին' գրում է, թե հնարավոր է՝ առաջիկա ամիսներին ռուսական խաղաղապահ զորքերը տեղակայվեն ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այս տարի արդեն երկու անգամ եղել է Մոսկվայում՝ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի տեղակայման հարցը։ Իր հերթին «Bakililar.az»-ը հաղորդում է, որ այդ տեղեկությունը հաստատել են ադրբեջանցի պատգամավորները՝ դրա հետ կապելով Ադրբեջանի խորհրդարանի կողմից ռազմական հայեցակարգի հապճեպ ընդունումը։ Նույն աղբյուրը հաղորդում է նաև, որ Անկարան դիվանագիտական խողովակներով Բաքվին է փոխանցել, թե ԼՂ-ում ռուսական զորքերի հայտնվելու դեպքում թուրքական ստորաբաժանումներն անհապաղ կմտնեն Նախիջևան։ Դրա հավանականությունը հաստատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը։ «Եթե Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական-ռազմավարական համագործակցություն կա, ապա ինչո՞ւ այն չպետք է լինի Ադրբեջանի և Թուրքիայի միջև»,-ասել է նա։ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի հնարավոր տեղակայման մասին ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչության ղեկավար Սեյրան Շահսուվարյանը «7 օր»-ին ասել է. «Պաշտոնական ոչ մի այդպիսի հայտարարություն չկա։ ՌԴ ՊՆ-ն այդպիսի հայտարարություն չի արել։ Այդ հայտարարությունը դուրս է սփռվել «Վեստի.ռու»-ից։ Եթե այդպիսի որոշում լինի, առնվազն Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է այն հայտարարի։ Դա ՊՆ-ի որոշելու խնդիր չէ, դա քաղաքական խնդիր է։ Խաղաղապահ զորքեր ուղարկելու համար պետք է իրենց Դուման համաձայնություն տա»։

No comments: