Friday, June 18, 2010

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամ են` շարունակելու երկխոսությունը

News.am. 18-6-2010- Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի եռակողմ հանդիպման ժամանակ հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում գրանցվել է կողմերի` ղարաբաղյան հակամարտության գործընթացում ունեցած դիրքորոշումների մերձեցում: ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: «Նկատվել է կողմերի դիրքորոշումների մերձեցում հակամարտության կարգավորման մի շարք վիճելի դրույթներում»,- ասել է Տիմակովան` հավելելով, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցային խնդիրներ: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը` շարունակելու երկխոսությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի միջնորդությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: Նշենք, որ սա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վեցերրորդ հանդիպումն է: Առաջին անգամ այս ձեւաչափով բանակցությունները կայացել են 2008 թվականի նոյեմբերի 1-ին Բարվիխայում, երկրորդը՝ մեկ տարի առաջ` 2009 թվականի հունիս 4-ին Սանկտ-Պետերբուրգում: Վերջին եռակողմ բանակցությունները կայացել են այս տարվա հունվարի 18-ին:

No comments: