Tuesday, June 15, 2010

Լեհ եվրապատգամավորը կհարթի Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները

Tert.am. 15-6-2010- Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի Հայաստանի հարցով նորանշանակ զեկուցող, լեհ պատգամավոր Տոմաշ Պորեբան հույս է հայտնել, որ հաջողությամբ կավարտվեն ԵՄ-ին Հայաստանի ասոցացված անդամության մասին համաձայնության ստորագրման բանակցությունները, ինչպես նաև Եվրախորհրդարանի համար այս հարցով զեկույցի պատրաստումը։ Այս մասին «Ռեգնումին» ասել է Պորեբան՝ մեկնաբանելով իր նշանակումը։ Ըստ եվրապատգամավորի՝ նոր պաշտոնում նա պետք է զբաղվի համաձայնության գնահատմամբ, ինչպես նաև այդ փաստաթղթին աջակցող կամ այն քննադատող բանաձևի նախապատրաստմամբ։ «Որպես մշտական զեկուցող՝ ես պետք է հետևեմ իրադարձությունների զարգացմանը, հանդիպեմ ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Ինչ վերաբերում է բանաձևի պատրաստման ժամկետին, ապա ամեն ինչ կախված է Եվրահանձնաժողովի և Հայաստանի կառավարության միջև բանակցությունների տեմպից, որոնք պետք է սկսվեն հուլիսին։ Առաջիկայում ես մտադիր եմ հանդիպումներ անցկացնել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,- նշել է լեհ պատգամավորը՝ վստահություն հայտնելով, որ ինքը շուտով հնարավորություն կունենա այցելել Հայաստան։ Պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրականանալի պատգամավորի՝ նախկինում նշած առաջնահերթ նպատակ՝ հասնել նրան, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև վիճելի պատմական և քաղաքական հարցերը չապակայունացնեն ողջ տարածաշրջանը, եվրապատգամավորը հայտարարել է. «Հարցն իսկապես ծայրահեղ բարդ է, իսկ լուծման ենթակա խնդիրները՝ բազմաթիվ»։ «Հիմնական գործիքներ կլինեն բազմաթիվ բանակցությունները, որոնք ես մտադիր եմ նախաձեռնել։ Ես հավատում եմ, որ երկխոսության միջոցով մենք կկարողանանք վերացնել արգելքների գոնե մի մասը և հասնել տարածաշրջանի պետությունների դիրքորոշումների մերձեցման։ Եվրախորհրդարանն այս հարցում կարող է հանդես գալ որպես միջնորդ, որն անկողմնակալ կլինի և կջանա հասնել կողմերի միջև փոխհամաձայնության»,- հայտարարել է նա։

No comments: