Tuesday, June 15, 2010

Իրանի գերագույն դատարանի նախագահ. «Հուսով եմ իրանահայ և մուսուլմանական համայնքների միջև բարեկամությունը հարատև կլինի»

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) գերագույն դատարանի նախագահ այաթոլլա Մոհսենի Գորքանին հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի և Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավորների հետ: Այդ մասին հայտնում է ԻԻՀ գերագույն դատարանի «դիվանեալի.գով.իռ» պաշտոնական կայքը: Հանդիպման ընթացքում ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը նշել է. «Հուսով եմ այն միասնությունը, բարեկամությունը, սերը, որ գոյություն ունի իրանահայ և մուսուլմանական համայնքների միջև, հարատև կլինի: Նմանատիպ հանդիպումները երկու համայնքների միասնության շարունակությունն ապահովելու համար անչափ կարևոր են»: Մոհսենի Գորքանին, դիմելով իրանահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է. «Ղուրանում նշված է, որ քրիստոնյաները սիրո և ճշմարտության հետևորդներն են, հուսով եմ միասին կշարժվենք արդարության և իմաստնության ճանապարհով, որն ավելի կամրապնդի մեր միասնությունը»: Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն իր հերթին նշել է, որ իրենց միասնության շնորհիվ կարող են համատեղ պայքարել աշխարհում տիրող անարդարության դեմ: Հանդիպման ընթացքում իրանահայ պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանի, Գևորգ Վարդանի և Մոհսենի Գորքանիի միջև որոշակի խնդիրների շուրջ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն: ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը հույս է հայտնել, որ շուտով բոլոր խնդիրները լուծում կստանան:

No comments: