Haynews.am . 16-6-2010- Ազգային անվտանգության հարցերով Washington Times թերթի վերլուծաբան Էլի Լեյքը չի բացառում, որ թուրք - իսրայելական հարաբերությունների վատթարացումը կարող է ստիպել ազդեցիկ հրեական լոբբիին՝ աջակցել ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը։
«Դեռ 2008 թվականից խոշորագույն ամերիկյան–հրեական կազմակերպությունները որոշեցին, որ այլեւս ճշում չեն գործադրի Կոնգրեսի վրա, ար այն կասեցնի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւերի ընդունումը, եւ արդեն այն ժամանակ դա արտացոլում էր Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացումը», - «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Հրայր Թամրազյանին տված բացառիկ հարցազրույցում կարծիք հայտնեց վերլուծաբանը՝ ընդգծելով, որ իրավիճակն ավելի սրվեց «Ազատության նավատորմիղի» միջադեպից հետո։
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ այդ հերթական դիվանագիտական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմածովային ուժերի գրոհի արդյունքում զոհվեցին Թուրքիայից Գազայի հատված ուղեւորվող նավերի շարասյան 9 պաղեստինամետ ակտիվիստները՝ հիմնականում Թուրքիայի քաղաքացիներ։ Թուրքիան պնդում է, որ «Ազատության նավատորմիղ» անվանումը կրող շարասյունը մարդասիրական օգնություն էր տեղափոխում, մինչդեռ Իսրայելը վստահեցնում է, որ 6 նավերով Գազայի հատված ուղեւորվող շուրջ 700 ակտիվիստները նաեւ զենք են կրել։
Վերլուծաբանը նշում է, որ անցած երկու տասնամյակներում Իսրայելի եւ Թուրքիայի՝ ռազմավարական համարվող համագործակցությունը Անկարայի համար ապահովել էր Ամերիկայի հրեական համայնքի աջակցությունը Վաշինգտոնում։
«Այժմ այդ աջակցությունը ավարտվել է եւ որպեսզի ամերիկյան–հրեական կազմակերպությունները կրկին Վաշինգտոնում օժանդակեն թուրքերին, նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ կարգավորվեն Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները», – կարծում է Էլի Լեյքը։
Անցած շաբաթ Washington Times–ում հրապարակված հոդվածում Էլի Լեյքը ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել այն մասին, թե ինչպես հրեական լոբբիի օժանդակությամբ Թուրքիային հաջողվել է խոչընդոտել Սփյուռքի հայկական կազմակերպությունների մեծ ջանքերի գնով Կոնգրեսում ներկայացված մի շարք հայանպաստ բանաձեւեր, ինչպես նաեւ առաջ մղել թուրք–ադրբեջանական շահերին ծառայող օրենսդրական նախաձեռնությունները։
Հայոց ցեղասպանությունը ճանաչող հերթական բանաձեւը գարնանը հավանության արժանացավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ կարող է առաջիկայում քվեարկության դրվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հրեական լոբբին չի խոչընդոտի բանաձեւի անցկացումը՝ ինչպես նախկինում, Washington Times-ի ազգային անվտանգության հարցերով վերլուծաբանը պատասխանեց. – «Վստահաբար կարելի է ասել, որ հրեական լոբբին խոչընդոտներ չի հարուցի։ Հնարավոր է, որ որոշ հրեական լոբբիստական խմբեր անգամ աջակցեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, որովհետեւ նմանություններ կան 1939–45 թվականներին հրեաների Ողջակիզման եւ հայ ժողովրդի հետ 1915 թվականին տեղի ունեցածի միջեւ, այնպես որ, հրեական կազմակերպությունները կարող են աջակցել այդ բանաձեւին՝ փոխելով իրենց նախկին դիրքորոշումը»։
Այդուամենայնիվ, Էլի Լեյքը կարծում է, որ նույնիսկ հրեական լոբբիի աջակցության պարագայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը Կոնգրեսում հավանության չի արժանանա։
«Կարող եմ ասել, որ կան ուժեր, որոնք ձգտում են այնպես անել, որ Կոնգրեսում այդպիսի բանաձեւ չընդունվի, եւ դրա հետեւում հիմնականում ԱՄՆ–ի պաշտպանության նախարարությունն է, որը շարունակում է Թուրքիային համարել կարեւոր գործընկեր ՆԱՏՕ–ում», – նշեց ազգային անվտանգության հարցերով Washington Times թերթի վերլուծաբան Էլի Լեյքը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում գործող հրեական լոբբիստական կազմակերպություններին, ապա դրանք, ըստ Էլի Լեյքի չեն անի այնպիսի բան, որը կօգնի թուրքերին, ինչպես նրանք անում էին վերջին 20 տարվա ընթացքում։
Իսկ արդյո՞ք այս հարաբերությունների խզումը երկարատեւ է, թե սա ժամանակավոր երեւույթ է։ Եթե նոր կառավարություն կազմավորվի Իսրայելում, հնարավո՞ր է, որ վերանայվի ներկայիս քաղաքականոնւթյունը Թուրքիայի նկատմամբ։
«Կարծում եմ, Թուրքիայում պետք է կառավարություն փոխվի։ Եթե Թուրքիան շարունակելու է անվերապահ դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Համազին՝ կազմակերպություն, որը ցանկանում է ոչնչացնել Իսրայելը, եթե Թուրքիան քաղաքական պաշտպանություն է առաջարկելու Հեզբոլային եւ շարունակելու է քվեարկել Իրանի նկատմամբ սահմանվող պատժամիջոցների դեմ, ապա այսպիսի կենսական հարցերում Իսրայելի կուսակցությունները տարաձայնություններ չունեն։ Խիստ անհավանական է, որ ներկայիս կառավարությունը մերձեցման քաղաքականություն վարի Թուրքիայի կառավարության նկատմամբ՝ եթե թուրքական այս վերաբերմունքը չփոխվի եւ թուրքական կառավարությունը չփոխվի», - ասաց Էլի Լեյքը։
Washington Times թերթի ազգային անվտանգության հարցերով թղթակիցը, բնականաբար, քաջատեղյակ էր նաեւ, թե ինչպիսի վերաբերմունք կա ամերիկյան վարչակազմում Թուրքիայի նկատմամբ` այն բանից հետո, երբ Թուրքիան քվեարկեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմվանելու դեմ։
«Վաշինգտոնում շատ հիասթափված էին։ Թեեւ Վաշինգտոնը դեռեւս շատ շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալու հարցում։ Եվ դա, իհարկե, Իսրայելին այնքան էլ ձեռնտու չէ։ Թուրքիան այժմ Իրանի ճանապարհով է շարժվում։ Եթե Թուրքիայի կառավարությունը շարունակի իր կողմնորոշումը դեպի Իրան, ապա Միացյալ Նահանգների համար դժվար կլինի Թուրքիային համարել այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան կար սառը պատերազմի ժամանակ»:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի:
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment