Thursday, June 17, 2010

Իսրայելը նահանջեց. «Կիպրոսը չի ազատագրվի», Հայկական հարցն էլ չի արծարծվի

Tert.am, 17.06.10: Իսրայելական կառավարության միջամտությամբ չեղյալ է հայտարարվել «Վե՛րջ թուրքական բռնազավթմանը Կիպրոսում» կարգախոսով արշավը: Այս մասին գրում է թուրքական Zaman օրաթերթը` վկայակոչելով իսրայելական Jerusalem Post պարբերականը: Բացի այդ, Թել Ավիվի միջամտությամբ չեղյալ է հայտարարվել նաև մի խումբ իսրայելցի ուսանողների` Թուրքիա «Ազատության տորմիղ» ուղարկելու նախաձեռնությունը, որի նպատակն էր աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել թուրքական իշխանությունների` Հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձերի, ինչպես նաև Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող բռնությունների վրա: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Գազա ուղևորվող «Ազատության տորմիղի» ուղևորների և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից և Անկարայի բարձրացրած աղմուկից հետո Իսրայելի նախկին նախարար Ալեքս Գոլդֆարբը և աջակողմյան «Մերեց» կուսակցությունից Փինհաս Հար Զահավը հանդես էին եկել Հյուսիսային Կիպրոս իսրայելական «Ազատության տորմիղ» ուղարկելու նախաձեռնությամբ: Նավախումբը Կիպրոս պետք է ուղևորվեր հունիսի 20-ին: Նշենք նաև, որ երեկ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Թուրքիայում նախարարների խորհրդի նիստի ժամանակ որոշում էր կայացվել Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Դրանք հիմնականում վերաբերելու են Իսրայելի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությանը և արտահայտվելու են միլիարդավոր դոլարների հասնող պայմանագրերի չեղյալ հայտարարմամբ կամ առկախմամբ:

No comments: