Wednesday, June 16, 2010

«Կրկին բախում» կամ` ադրբեջանական քարոզչության աշխատանքի մասին

Panorama.am. 16-6-2010- Հունիսի 15-ին Նյու Յորքում ընթացող Փոքր զենքի և թեթև սպառազինության անօրինական վաճառքի բոլոր դրսևորումների կանխարգելման, դրանց դեմ պայքարի իրականացման ընթացքը քննելու նպատակով գումարած հանդիպմանը հանդես է եկել Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ում ելութից անմիջապես հետո, Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է ելույթ ունենալ, ինչը սակայն մերժվել է հանդիպման քարտուղարության կողմից` ժամանակին չգրանցվելու պատճառով: Նիստի երկրորդ կեսին` օրակարգային զեկույցներից հետո, Ադրբեջանի ներկայացուցչին տրվել է միայն պատասխանի իրավունքի օգտագործման հնարավորություն, որի ընթացքում ադրբեջանցի դիվանագետը ընթերցել է աբսուրդ հղումներ ԼՂ հակամարտության, «Հայաստանի կողմից ռազմական վտանգի» և ադրբեջանական քարոզչական զինանոցի այլ «հանրաճանաչ» ձևակերպումների մասին: Ինչպես համաժողովի օրակարգի, այնպես էլ` Հայաստանի պատվիրակի ելույթի հետ որևէ կապ չունեցող Ադրբեջանի հայտարարությունն ակնհայտ զարմանք ու տարակուսանք է առաջացրել քարտուղարության և հանդիպման մասնակիցների շարքում: Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել պատասխան խոսքով` ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ Ադրբեջանը կրկին անպատեհ առիթով` օրակարգի և քննարկման թեմաներից անկախ, շարունակում է հիշատակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Պատվիրակությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից բերված փաստերն անհիմն են և անընդունելի: Նա նաև նշել է, որ Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար, հավատացած լինելով, որ այդ գործընթացում պետք է ներգրավվեն ԼՂՀ իշխանությունները: Նկատենք, որ վերջին շրջանում Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի տարբեր համաժողովներին և հանդիպումներին, չկարողանալով հանդես գալ առարկայական ու կառուցողական ելույթներով, Ադրբեջանի պատվիրակությունը շարունակաբար նախընտրում է կրկնվող և տվյալ օրակարգին չհամապատասխանող հայտարարությունները, և հետո էլ, դրանց մասին ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով խմբագրականներ է հրամցնում իր սեփական ժողովրդին` թե իբր ՄԱԿ-ում Հայաստանը և Ադրբեջանը հերթական անգամ «բախվել են» ԼՂ հակամարտության հարցի շուրջ քննարկումների ժամանակ: Իրականում, մոլորեցնելով ադրբեջանցի ըներցողին և այս անգամ նրան դարձնելով իր քարոզչության թիրախը, պաշտոնական Բաքուն փորձում է բացառել իր իսկ կառավարության և ժողովրդի միջև հերթական «բախումը», որն ի դեպ անխուսափելի գործընթաց է մի երկրում, ուր արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացվում է ստերի, հնարովի առասպելների ու լոզունգների հիման վրա:

No comments: