Thursday, July 22, 2010

Ադրբեջանի զինված ուժերը երբեք չեն կարողանա գերազանցել Հայաստանի և Արցախի զինված ուժերին

Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցն առաջացրել է ադրբեջանական լրատվամիջոցների մեղմ ասած «վրդովմունքը»: Պատճառը պարզ է. Ս. Օհանյանը խոսել է Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մասին, այսինք' այն ամենի, ինչն այդքան անհանգստացնում է հարևան պետության իշխանություններին: Հարցազրույցում նախարարը ներկայացրել է սպառազինության ձեռքբերման և ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման այն առավելությունները, որոնք, որպես ՀԱՊԿ անդամ, ունի Հայաստանը: Ս. Օհանյանը քննադատել է հարևան պետության վարած քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտմանը և սպառազինությունների մրցավազքին: Նշվել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը իրական սպառնալիք է տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար: Հարցազրույցը կամայականորեն մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն' կրկին անգամ հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական տարածքների «օկուպացման» մեջ և նշելով, թե ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ձգձգվում է Հայաստանի ղեկավարության «օկուպացիոն» քաղաքականության հետևանքով: Հարկ ենք համարում հիշեցնել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին և հարևան պետության պաշտպանական գերատեսչության խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և քաջածանոթ է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ միջազգային կառույցների ընդունած բանաձևերին: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուին ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս չտարվել սեփական ցանկություններն իրականության տեղ ընդունելու գայթակղությամբ և անպատասխանատու ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով ու ապատեղեկատվություն տարածելով չսրել իրավիճակը: Նման գործելաոճը ոչ միայն չի համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն, խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատճառ է դառնում: Եթե պարոն Սաբիրօղլուն նման քայլերով ցանկանում է ազդել հայկական կողմի վրա և բարձրացնել սեփական զինված ուժերի մարտական ոգին, ապա թող ուշադրություն դարձնի ՀՀ պաշտպանության նախարարի նույն հարցազրույցի այն մասի վրա, որտեղ նշվում է, որ «իրենց մարտունակությամբ Ադրբեջանի զինված ուժերը երբեք չեն կարողանա գերազանցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերին: Հուսով ենք' այդ փաստն ի վերջո կհամոզի հարևան պետության ղեկավարությանը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին խորհուրդ ենք տալիս իր ջանքերն ու եռանդը ներդնել այս իրողությունը հասկանալու համար: Ավելացնենք, որ իրականությանը չի համապատասխանում նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցի ամբողջական տեքստը հանվել է «Ինտերֆաքս» գործակալության կայքից: Ս. Օհանյանի հարցազրույցը ի սկզբանե տեղադրված է եղել «Ինտերֆաքս-Ռազմական նորությունների գործակալություն» կայքում' http://www.militarynews.ru/excl.asp?ex=75: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

No comments: