Thursday, July 22, 2010

Ադրբեջանը շարունակում է պնդել, որ պատասխանելու հերթը Հայաստանինն է

Tert.am. 22-7-2010- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԱԳ նախարարների Ալմաթիի հանդիպմանը՝ ասել է, որ այնտեղ ցանկալի արդյունք չապահովվեց։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Բայց ես հուսով եմ, որ գործընթացը կանգ չի առել։ Այժմ միջազգային հանրության բոլոր շրջանակները. և՛ համանախագահները, և՛ նախագահները, և՛ նախարարները համատեղ քայլեր են անում։ Հայկական կողմը վաղ թե ուշ պետք է պատասխանի։ Հայկական կողմը հաճախ է նման գործողություններ անում ժամանակ ձգելու նպատակով, բայց միջազգային հանրությունը և համանախագահող երկրները պետք է Հայաստանից պահանջեն կոնկրետ քայլեր անել։ Հայկական կողմը այլ ելք չունի։ Պետք է հետևի Մադրիդյան սկզբունքների առաջարկների պատասխանը, և մենք սպասում ենք դրան»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանն ասել էր, որ բանակցությունների սեղանին նոր առաջարկություններ էին, և սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Ադբեջանը պետք է պատասխաներ՝ ընդունում է այդ առաջարկները, թե ոչ։ «Երբ Ադրբեջանն ասի՝ ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները, եթե ոչ՝ ուրեմն այլ ճանապարհներ կընտրվեն։ Այո, բանակցությունները շարունակվում են։ Կան վերջին առաջարկությունները, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգում։ Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը բանակցությունները շարունակելու հնարավորություն է տալիս։ Տեսնենք, թե Ադրբեջանն ինչ է ասում»,- ընդգծել էր նա։

No comments: