Thursday, July 22, 2010

Փորձագետ. Քուրդիստանի ստեղծումը նվազեցնում է թուրքական վտանգը

News.am. 21-7-2010- Հայաստանի տարածքի երկու երրորդը թուրքական օկուպացիայի տակ է: Այդ տարածքները միջազգայնորեն ընդունված փաստաթղթով, ինչպես նաեւ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով ճանաչվել են որպես հայկական տարածքներ: Այդ հանգամանքներից հնարավոր է քաղաքական համապատասխան իրավիճակում օգուտներ քաղել: Այս մասին հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Թուրքիային հարկավոր է թույլ Հայաստան, քանի որ հակառակ դեպքում, Հայաստանը կարող է տարածքային պահանջ ներկայացնել Վիլսոնի իրավարար վճռի հիման վրա»,-նշեց նա: Պապյանի խոսքով՝ քրդական պետության ստեղծումը բավական իրատեսական է. երբ տարբեր տվյալներով մոտ 15-40 միլիոնանոց ժողովուրդ կա, որը ձգտում է ստեղծել իր պետությունը, ապա վաղ թե ուշ այդ ժողովուրդը կհասնի իր նպատակին: Իսրայելը հետաքրքրված է նման պետության ստեղծմամբ, որը մշտական խնդիր կլինի Իրանի եւ Սիրիայի համար: «Ինչ վերաբերում է Քուրդիստանի ստեղծմանը Արեւմտյան Հայաստանի տարածքում, ապա դա բխում է Հայաստանի շահերից, քանի որ Քուրդիստանը բուֆերային պետություն կդառնա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որը մշտապես վտանգ է ներկայացնում մեզ համար»,-նշեց նա: Փորձագետը կարծում է, որ ներկայումս Հայաստանին պետք է միանան դեպի ծով տանող տարածքները, իսկ մնացած տարածքները, որոնց վրա կստեղծվի Քուրդիստանը, պետք է օրինական կերպով կցված լինեն Հայաստանին, որն էլ իր հերթին կարող է այդ տարածքները վարձույթով տալ քրդերին: Եւ բացի այդ, ստեղծվելիք Քուրդիստանը կարող է Հայաստանի արտադրանքի իրացման համար շուկա դառնալ:

No comments: