«Ազատություն» 21-7-2010- «Քանի դեռ Թուրքիան բացահայտ պայքար չի սկսել Թալեաթ փաշայի մեղքերի դեմ, մենք երբեք չենք կարողանա հասկանալ, թե ինչու են Թուրքիայի ժամանակակից աշխարհիկ էլիտաները այսքան հակաժողովրդավարական պայքար մղում բազմակարծության, ազգային փոքրամասնությունների ու մարդու իրավունքների պաշտպանության դեմ», – թուրքական «Զաման»-ի «Հատուկ կարծիք» խորագրի տակ այսօր գրել է հայտնի թուրք իրավապաշտպան Օրհան Քեմալ Չենգիզը։
«Հայտնի փաստ է, որ Թալեաթ փաշան շատ տաղանդավոր էր ճշգրիտ գիտությունների բնագավառում. 1915 թվականին նա գաղտնագիր հեռագրեր էր ուղարկում Անատոլայի բոլոր անկյունները՝ հայերի տարհանումը կազմակերպելու համար»,–գրում է թուրք իրավապաշտպանն ու հավելում. – «Նա ոչ միայն արտաքսում էր հայերին Սիրիայի անապատները, այլեւ մահմեդականներին վերաբնակեցնում հայերին պատկանող բնակավայրերում։ Նա գիտեր ոչ միայն տարհանված հայերի թիվը, այլեւ նրանց մասնագիտությունն ու ունակությունները, գիտեր՝ քանի հայ գորգագործ, հացթուխ, խաղողագործ էր ապրում յուրաքանչյուր քաղաքում ու գյուղում։ Եվ եթե գյուղից երեք հայ հացթուխ էր արտաքսվել, Թալեաթը փորձում էր նրանց փոխարեն երեք մահմեդական հացթուխ վերաբնակեցնել»։
Ընդգծելով, որ Թալեաթից բացի, կրթվածությամբ, լեզուների իմացությամբ ու աշխարհիկ վարվեցողությամբ աչքի են ընկել նաեւ Հայոց ցեղասպանությունը իրականացրած մյուս երիտթուրքերը` թուրք իրավապաշտպանը գրում է. - «Երբ ես մտածում եմ նրանց մասին, իմ աչքի առջեւ են գալիս նացիստները, որոնք առավոտյան հրեաներին գազախցիկ էին ուղարկում, երեկոյան նույն ոգեւորությամբ Բախի երաժշտությունը վայելում»։
«Իրականում մեր նոր հանրապետությունը 1923 թվականին կառուցվեց այս արժեքների եւ հավատամքի վրա», – փաստում է թուրք իրավապաշտպանը եւ ընդգծում. – «Պետության կերտումը, որը մի կողմից ուղեկցվում էր ոչ մահմեդականներին ճնշելու, նրանց գոյությունը բացառելու, իսկ մյուս կողմից՝ հանրապետությունը «քաղաքակրթելու» ծրագրերով, բացառիկ քաղաքական մթնոլորտ ու դերակատարներ ստեղծեց Թուրքիայում»:
«Առանց այս նախապատմությունն իմանալու անհնար է հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում այսօրվա՝ ժամանակակից Թուրքիայում», – եզրափակում է Օրհան Քեմալ Չենգիզը։
Thursday, July 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment