Tuesday, July 20, 2010

“ԺՈՂԳՈՐԾԻՔՆԵՐԸ” ՇԱՆՍ ՉՈՒՆԵՆ

«Լրագիր» 20-7-2010- Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հուլիսի 17-ի ելույթը, որ նա ունեցավ ՀՀՇ համագումարում, կարծես թե բավական ոգեւորել է այն ուժերին ու գործիչներին, որոնք նրա քաղաքական ակտիվացումից հետո հայտնվել էին կամ լուսանցքում, կամ էլ տողադարձի վիճակում: Հուլիսի 17-ի ելույթից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում փոփոխությունների եւ զարգացման հնարավորության առումով շեշտը վերստին դնելով Ղարաբաղի հարցի վրա, ինչպես 1997 թվականի վերջին, այդ ուժերին կարծես թե հույս է տվել, որ կարող են լուսանցքից գալ հետ կամ տողադարձ չլինել: Տեր-Պետրոսյանի ելույթը քաղաքական դաշտում արդեն իսկ տվել է դհոլի զարկի առիթ, շուտով երեւի թե երաժշտական այլ գործիքներ էլ կխոսեն: Օրինակ, “ժողգործիքների” շարքում իր ուրույն տեղն անպայման կունենա դաշնակցական, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի խոսքը, որ նա ասել է Ռեգնում գործակալությանը տված հարցազրույցում: Նա որոշել է անդրադառնալ մարտի 1-ի իրադարձություններին եւ հայտարարել է, թե Արեւմուտքը օժանդակում էր ընդդիմությանը, իսկ Ազատության հրապարակի ցուցարարներն էլ մահակներով եւ “մոլոտովի կոկտեյլներով” հարձակվել էին անզեն ոստիկանների վրա: Ըստ Արտյուշա Շահբազյանի, եթե այդ հարձակումը չլիներ, չէր լինի նաեւ մարտի 1: Կան քաղաքական գործիչներ, որոնց գնահատականներից եւ մեկնաբանություններից հանրությանը պետք է հնարավորինս զերծ պահել: Պետք է թողնել, որ այդ մարդիկ իրենց համար հանգիստ զբաղվեն քաղաքականությամբ, գնահատականներ տան, իրադարձություններ ուսումնասիրեն, հետազոտեն, մեկնաբանեն, եզրակացություններ անեն, հայտարարություններ: Իսկ լրատվամիջոցների դերը թերեւս պետք է լինի այն, որ այդ մարդկանց գործունեությունը լուսաբանելու փոխարեն, փորձեն հնարավորինս խնամքով թաքցնել այդ գործունեությունը հասարակությունից: Ի վերջո, եթե ինչ որ մեկը կյանքում չի կարողանում գտնել իր տեղն ու դերը, հասարակությունը ոչնչով մեղավոր չէ դրա համար եւ պարտավոր չէ կիսել այդ տեղի ու դերի որոնումներով պայմանավորված նրա ապրումները: Արտյուշա Շահբազյանը կարող է ասել, որ Արեւմուտքը ոչ միայն աջակցում էր մարտի 1-ի ցուցարարներին, այլ նույնիսկ Հայաստանում արեւմտյան երկրների դեսպաններն ու դիվանագետները ծպտվել ու ցուցարարների հետ միասին հարձակվել էին անզեն ոստիկանների վրա, որոնք առավոտյան ժամը 6-անց 30 եկել էին Ազատության հրապարակ զբոսնելու: Արտյուշա Շահբազյանը կարող է ասել, որ մահակներն ու “մոլոտովի կոկտեյլները” Արեւմուտքում էին պատրաստվել կամ էլ Արեւմուտքից եկած փողերով, կարող է ասել, որ ցուցարարները մարտական պատրաստություն էին անցել արեւմտյան “դեմոկրատական” ճամբարներում: Շահբազյանը կարող է հայտարարել, որ մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ոչ թե իրենց քաղաքացիական իրավունքի համար պայքարող հայաստանցիներ էին, այլ հայրենիքի դավաճան օտարերկրյա լրտեսներ: Արտյուշա Շահբազյանի մտքով ինչ ասես կարող է անցնել. հավանաբար շուտով նրա մտքով, եւ նաեւ նրա “քաղաքական բախտընկերների” մտքով կարող է անցնել, որ մարտի 1-ի գիշերը եղած 10 զոհը ոչ թե սպանվել են, այլ ինքնասպանություն են գործել, ընդ որում ուժայիններից խլելով զենքերը: Թե չէ բա Դաշնակցությունն ու Արտյուշա Շահբազյանը կթողնեի՞ն, որ իշխանությունը խաղաղ քաղաքացու սպաներ: Քաղաքացին ու նրա կամքը Դաշնակցության ու Արտյուշա Շահբազյանի համար սուրբ են, բայց դե եթե քաղաքացին կամենում է ինքնասպանվել, ինչ խղճով խանգարես նրան` նրա կամքն է, ուրեմն պետք է կատարվի: Երբ քաղաքական լուսանցքում կամ տողադարձին հայտնված ուժը ինչ որ բան, ինչ որ վիճակ, ինչ որ ստատուս հետ բերելու շանս է տեսնում կամ զգում, կամ ժամանակը հետ շրջելու հոտ առնում, ապա ոգեւորությունը ինչ որ տեղ թերեւս մթագնում է առողջ բանականությունն, ու հաղորդակցության օրգանները սկսում են մտքից ավելի արագ աշխատել, առաջ ընկնել մտքից: Բայց միեւնույն է, քանի որ միտքն է կարեւորը, արդեն ոչ մի նշանակություն չունի, թե ինչքան առաջ են գնացել հաղորդակցության օրգանները, քանի որ առանց մտքի նրանց գոյությունը պայմանականություն է: Եթե քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք հուլիսի 17-ից հետո մտածում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն “ընկավ” ու կարող են օգտվել առիթից ու զբաղեցնել նրա տեղը քաղաքական դաշտում, կամ հետ բերել իրենց կորցրած տեղերը, ապա նրանք մեղմ ասած չարաչար սխալվում են: Ու խնդիրն ամենեւին այն չէ` ընկավ Տեր-Պետրոսյանը հուլիսի 17-ի ելույթով, թե ոչ: Խնդիրն այն է, որ քաղաքական պրոցեսները Հայաստանում այժմ պայմանավորում են ոչ թե քաղաքական ուժերը, այլ հասարակությունը: Հասարակությունն է որոշում, թե ով որքան տեղ պետք է ունենա քաղաքական դաշտում, քանի որ 2008 թվականի նախագահի ընտրության ժամանակաշրջանից հետո Հայաստանում փոխվել է հանրային գիտակությունն ու հանրային վերաբերմունքը քաղաքականության եւ դրա սուբյեկտների հանդեպ: Փոխվել է հանրային ճաշակը, ու այդ հարցում թերեւս պետք է իսկապես շնորհակալություն հայտնել հենց Տեր-Պետրոսյանին: Նրա քաղաքական վերադարձի առաջին ամիսներն ու տարին լրջագույն փոփոխություններ կատարեցին հանրային հոգեբանության, գիտակցության, քաղաքական եւ քաղաքացիական ճաշակի մեջ: Այդ իսկ պատճառով, որեւէ մի քաղաքական ուժ, որը մանր առեւտրականի հոգեբանությամբ Հայաստանում զբաղված էր քաղաքականությամբ գրասենյակ պահելով եւ գրասենյակով բիզնեսներ առաջ տանելով, եւ որը դարձավ հանրային այդ վերափոխումների “զոհը”, թերեւս պետք է իզուր հույսեր չփայփայի քաղաքական կյանքում “ազատ տնտեսական գոտին” վերականգնելու համար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: