Thursday, July 22, 2010

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՆՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հակառակ դրան ռազմավարական նշանակություն են ձեռք բերում Հայաստանի հարաբերությունների Իրանի Իսլամական Հանրապետության հետ «ԱԶԳ», 22-07-2010- Չնայած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային ուժերի շահագրգռություններին, Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը վերադարձավ ելման կետ, որը համազոր է դրա ձախողմանը: Պատճառն ակնհայտ է: Թուրքիան, խախտելով հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, արձանագրությունները շահարկեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու նպատակով, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը պայմանավորեց հայ-ադրբեջանական հարաբերությունների զուգահեռաբար նորմալացմամբ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում «առաջընթացի» ապահովումը իբրեւ նախապայման առաջադրի հայկական կողմին: Թեեւ 2009-ի դեկտեմբերին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ս. թ. հունվարին Կրեմլում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, այնուհետեւ Անկարայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ այլ ղեկավարներին պարզորոշ նախազգուշացրին, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը տարբեր գործընթացներ են, ուստի եւ ճիշտ չէ դրանց շաղկապումը, սակայն Անկարան շարունակեց համառել: Ստեղծված իրավիճակում Հայաստանի ղեկավարությունը, մերժելով Թուրքիայի առաջադրած նախապայմանները, կասեցրեց Ազգային ժողովում արձանագրությունների վավերացման հայեցակարգը: Միջազգային ուժերը նույնպես անընդունելի համարեցին Թուրքիայի ազգային մեծ ժողովում արձանագրությունները վավերացնելու համար հայկական կողմին նախապայմանների առաջադրումը: Այսինքնՙ նրանք թուրքական նախապայմանների հարցում պաշտպանեցին Հայաստանի դիրքորոշումը, ըստ երեւույթին կշարունակեն նաեւ պաշտպանել: Սակայն դա չի փոխում իրերի դրությունը: Եթե Թուրքիան նախքան արձանագրությունները Հայաստանին նախապայմաններ էր առաջադրում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, արձանագրությունների ստորագրումից հետո առաջադրեց, որ վավերացվեն հարաբերությունների հաստատումը նախատեսող արձանագրությունները: Այլ կերպՙ թուրքական նախապայմանները մնում են ուժի մեջ, միաժամանակ շարունակվում է Հայաստանի շրջափակումը: Մինչդեռ դիվանագիտական հարաբերությունների համար հարեւան երկրին նախապայմաններ առաջադրելը, այն էլ ոչ պատերազմական իրավիճակում, ինչպես նաեւ վերջինի շրջափակումը երրորդ կողմիՙ Ադրբեջանի քմահաճույքով, միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրությամբ հանդերձ, կոպիտ խախտում է: Միջազգային ուժերը մոտ 20 տարվա վաղեմություն ունեցող այս խախտման համար Թուրքիային դատապարտելու փոխարեն ընդամենն անընդունելի են համարում արձանագրությունների վավերացման համար առաջադրվող նախապայմանները: Ըստ երեւույթին նրանք նախընտրում են Թուրքիայի հետ սակարկել հայ-թուրքական հարաբերությունները, քան կարգավորել կամ կարգավորելու դեպքում դա անել սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե համատեղ ջանքերով, որպեսզի կարգավորումը ծառայի կարգավորողի շահերին: Համենայն դեպս Հայաստանը, սկսած 1991-ից, կարողացել է հաջողությամբ չեզոքացնել թուրքական ճնշումները եւ նախապայմանների հարցում տեղի չի տվել Թուրքիային: Ինչ վերաբերում է 1993-ից ի վեր կիրառվող շրջափակմանը, ապա դրա պայմաններում էլ Հայաստանին հաջողվել է տնտեսական որոշակի աճ ապահովել: Այսինքնՙ որքան էլ անհեռանկարային լինի Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը, դրա սկզբնավորումից Հայաստանը առանձնապես չի տուժելու: Բայց որ տարածաշրջանային նշանակության նախաձեռնությունները Հայաստանի օտարման պայմաններում ցուցաբերելու դեպքում Թուրքիան, նախապես դատապարտելով դրանք ձախողման, պարտադիր տուժելու է, թող ոչ ոք չկասկածի: Սակայն դա Թուրքիայի խնդիրն է, հետեւաբար մեզ չի հետաքրքրում: Հակառակ հայ-թուրքականի, շատ հետաքրքրական ընթացք են ստանում Հայաստանի հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այդ ընթացքին, ինչ խոսք, նպաստել է Հարավային Կովկասում հայկական գործոնիՙ Թուրքիայի պարագայում ներթափանցումը կանխարգելողՙ բացասական, իսկ Իրանիՙ ներկայություն ապահովող, այսինքնՙ դրական դերը: Հայ-իրանական հարաբերությունների դեպքում խնդիրը, սակայն, սոսկ հայկական գործոնի դերը չէ, այլ քաղաքական զարգացումների առանձնահատկությունը: Դրանցից թերեւս կարելի է առանձնացնել հարավօսական պատերազմից հետո Վրաստանի դիրքերի թուլացումը Հարավային Կովկասում, որը միաժամանակ թուլացրեց ԱՄՆ-ի գլխավորությամբ նրա արեւմտյան դաշնակիցների դիրքերը, «գունավոր» հեղափոխությունների ճեղքվածքը Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը երբեմնի ռուսական գերազդեցության տարածքներում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում, զուգահեռ դրան դաշնակցի կարգավիճակով Հայաստանի ռազմաքաղաքական նշանակության աճը: Այս զարգացումները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իրանի աշխարհաքաղաքական դիրքը, անկախ երկու երկրների միջեւ ռազմական բնագավառում համագործակցության պայմանագրի բացակայությունից, տարածաշրջանում միանգամայն կարեւորում եւ ռազմավարական նշանակություն են հաղորդում հայ-իրանական հարաբերություններին: Սակայն դա մասնավոր խնդիր է եւ առանձին մոտեցում է պահանջում: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: