Tuesday, July 20, 2010

«Չորրորդ ինքնիշխանություն». Ի՞նչ է ասում Տեր-Պետրոսյանը

Հուլիսի 17-ին ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի արտասանած ելույթը, դատելով արձագանքներից, առանձնապես չի հիացրել հասարակությանը և նույնիսկ բուռն բանավեճեր է առաջացրել նրա համակիրների շրջանում։ Տարակուսանք է առաջացրել նրա հատկապես հետևյալ միտքը. «Առանց ղարաբաղյան հակամարտության և հայ– թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։ Ընդ որում, տարակուսանք է առաջացրել ոչ թե այն իմաստով, որ այդ պնդումներն իրավացի չեն, այլ որովհետև հիմա բոլորը զարմացած նայում են իրար ու հարցնում՝ «բա եթե այդպես էր, ինչո՞ւ 2008-ին չէիք ասում, որ ով էլ իշխանության գա՝ ոչինչ չի կարողանալու անել, քանի դեռ ղարաբաղյան խնդիրն ու հայ– թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, ինչո՞ւ էիք դրա փոխարեն խոսում ավազակապետությունը կազմաքանդելու մասին»։ Իրականում կարծես թե ամեն ինչ պարզ է։ Ի՞նչ է ասում Տեր-Պետրոսյանը։ Ասում է, որ անպայման պիտի լուծել ղարաբաղյան խնդիրն ու կարգավորել հայ–թուրքական հարաբերությունները, այլապես Հայաստանը հեռանկար չունի։ Իսկ այդ հարցերը պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ, ընդ որում՝ ինչքան Հայաստանն ավելի նորմալ պետություն լինի (ազատ և ամուր տնտեսությամբ, ժողովրդավարական ինստիտուտներով և այլն), այնքան բանակցությունների սեղանի շուրջ մեր դիրքերն ամուր կլինեն, և այնքան ավելի նպաստավոր պայմաններով կկարգավորենք այդ խնդիրները։ Իսկ Հայաստանն այդպիսի ամուր դիրքեր կարող է ունենալ միայն իշխանափոխության շնորհիվ։ Կոպիտ ասած, Կոնգրեսի նպատակը ոչ թե իշխանությունը վերցնելն ու անմիջապես «Ղարաբաղը հանձնելն» է, այլ իշխանության հասնելը, Հայաստանը նորմալ երկիր դարձնելն ու Ղարաբաղի հարցում ավելի նպաստավոր դիրքերից բանակցելը։

No comments: