Saturday, July 3, 2010

Պոլսո հոգևոր խորհուրդն ընտրեց պատրիարքական փոխանորդի

Tert.am. 2-7-2010- Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհուրդը երեկ կայացած ընտրությունների արդյունքում Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին ընտրել է որպես Պոլսո պատրիարքական փոխանորդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` արքեպիսկոպոս Աթեշյանի օգտին է քվեարկել է 26 հոգուց կազմված հոգևոր խորհրդի անդամներից 25-ը: Հիշեցնենք, որ 6 ամիս առաջ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ծանր հիվանդության պատճառով դիմել էր Ստամբուլի նահանգապետարան` «աթոռակից պատրիարք» ընտրելու թույլտվություն ստանալու համար: Միևնույն ժամանակ, աթոռակից պատրիարք ընտրելու նպատակով ձևավորված Նախաձեռնող խորհուդն էր դիմել թուրքական իշխանություններին, սակայն ոչ թե «աթոռակից պատրիարք», այլ «պատրիարք» ընտրելու թույլտվության համար: Սա լուրջ քննարկման առարկա էր դարձել Պոլսո հայոց համայնքում, քանի որ Նախաձեռնող խորհուրդն օժտված չէ նման լիազորություններով: Բացի այդ, համայնքը կարող էր նոր պատրիարք ընտրել նախկին պատրիարքի մահվան կամ հրաժարականի դեպքում: Առաջացած տարաձայնությունը հարթվել էր, երբ թուրքական կառավարությունը 6 ամիս այդ դիմումներն ուսումնասիրելուց հետո կայացրել էր հետևյալ որոշումը. «Ճիշտ չէ ընտրել աթոռակից պատրիարք կամ պատրիարք՝ գործող պատրիարքի կենդանության օրոք կամ առանց նրա ինքնակամ հրաժարականի: Ավելի հարմար կլինի պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի փոխարեն ընտրել պատրիարքական փոխանորդ»:

No comments: