Thursday, July 8, 2010

«ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒՉԻԿԸ»

Հարցազրույց ԳԱՏԱՀ–ի հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀՀ նախագահի մրցանակակիր Հարություն Կարապետյանի հետ։ -Վերջերս հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ դուք քննադատությամբ հանդես եկաք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) հասցեին, ինչո՞վ էր դա պայմանավորված։ -Այդ պետական կառավարման կառույցի նպատակահարմարության հարցը մոտ 10 տարի պարբերաբար և տարբեր անձանց կողմից բարձրացվել է։ Համոզված եմ, որ այդ առաջարկու–թյան բոլոր կողմնակիցներն էլ, այսպես թե այնպես, ենթադրում էին, որ նման պետական կառավարման կառույցի առկայությունը կնպաստի նախ՝ հանրապետությունում մեկ միասնական գիտական համակարգի ձևավորմանը (ի տարբերություն ԽՍՀՄ–ից ժառանգած և իրարից անկախ գործող ակադեմիական, բուհական և գերատեսչական համակարգերի), երկրորդ՝ կվարվեր մեկ ընդհանուր գիտատեխնիկական քաղաքականություն, որը հնարավորություն կտար ինչպես միասնական չափորոշիչներով գնահատել՝ գույքագրել գիտատեխնիկական ներուժը, երրորդ՝ ավելի նպատակայնորեն և հիմնավորված կենտրոնացնել կամ վերախմբավորել առկա ռեսուրսները (միավորել, տեղափոխել, լուծարել կամ ստեղծել նորերը) և, վերջապես՝ կտրուկ բարձրացնել հնարավոր և իսկապես ծիծաղելիության աստիճանի սուղ համարվող ֆինանսական ներդրումների իրացման արդյունավետությունը (քանի որ, դատապարտված ենք հնարավորինս արագ ապահովել առավելագույն արդյունավետություն՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ կադրային ներուժի առումով)։ Ինչևէ, մոտ 3 տարի առաջ ստեղծվեց ԳՊԿ–ն, թվում էր, թե գիտության բնագավառը կսկսի զարգացման նշաններ ցույց տալ, հոգալ՝ ինչպես համակարգի թվարկած հիմնական, այնպես էլ այլ՝ ավելի հիմնավորված և արդիական հոգսերը։ Ցավոք, ստեղծված հսկայական՝ մոտ 50 հաստիքային կազմով այդ կառույցը, ոչ միայն քայլեր չի կատարել ու կատարում համակարգի խնդիրների լուծման ուղղությամբ, այլև որդեգրելով կոմսոմոլա–չինովնիկական բոլոր լավագույն ավանդույթները, համակարգը համալրել է նաև այնպիսի երևույթներով, որոնց այլ բառով, քան կոռուպցիոն երևույթների արմատավորում, չեմ կարող անվանել։ Այսինքն, ստացվել է ռուսական ասացվածքի պես՝ «ուզում էինք, որ լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ», չնայած որ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ–ն տարբերվում է, իմ կարծիքով, մյուս պետական կառույցներից այն բանով, որ աշխատակազմի ղեկավարը (նկատի ունի Կ.Հայրապետյանին– Գ.Հ.), ակնհայտորեն, ավելի որոշիչ և էական դեր ունի վարվող քաղաքականության մեջ, քան «դե–յուրե» նախագահը։ -Կարծեմ թե դուք աշխատել եք ԳՊԿ–ում և, բացի դրանից, վերջինիս նախագահ Սամվել Հարությունյանը վերջերս «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսում հայտարարել է, որ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) համագործակցում է ԳՊԿ–ի հետ։ -Երկու հարցում էլ ճիշտ եք, բայց եկեք սկսենք վերջինից։ Այո, ԳԱՏԱՀ-ը համագործակցում է ԳՊԿ–ի հետ, բայց ի տարբերություն ԳՊԿ-ի «դե-յուրե» նախագահի հայտարարության, որ իբր այդ նաձեռնությունը իրենցն է, իրականում այն նախաձեռնվել է ԳԱՏԱՀ-ի կողմից դեռևս 2 տարի առաջ և այդ ժամանակահատվածում հաղթահարվել են բազում կոմսոմոլա-չինովնիկական դժվարություններ։ Շատ միջոցառումներ, որոնք արվել են տարիներ առաջ, ԳՊԿ–ի «դե–յուրե» ղեկավարը, համարելով, որ այսօր արդեն մոռացվել է դրանց մասին հայտարարում է որպես «առաջին անգամ Հայաստանում», երևի «Առաջ Հայաստան»–ին համահունչ լինելու համար նաև։ Բացի դրանից, կարծում եմ՝ ինչպես գիտական գործունեությունը, այնպես էլ դրա կազմակերպումը ենթադրում է ոչ միայն հեղինակային իրավունքի, այլև տարրական բարոյական նորմեր։ Վերադառնանք ասուլիսում հնչած հայ–ֆրանսիական և ԳԱՏԱՀ–ԳՊԿ համագործակցուններին, խիստ կարևորելով նշված միջոցառումները, որպես միջոցառում՝ ընդամենը, քանի որ այն նորություն և առաջընթաց հանդիսանալով ԳՊԿ–ի համար, ամենևին էլ ԳԱՏԱՀ–ի հաջողված ծրագրերից չէ կազմակերպչական առումով և, անկասկած, ոչ ԳԱՏԱՀ–ի մեղքով։ Մյուս կողմից, տնօրինել պետբյուջեի 8.3 մլրդ. դրամը և ի ցույց դնել ԳԱՏԱՀ–ի մասով մոտ 37 մլն. դրամի միջոցառումը (տեղեկություն չունեմ մյուսի մասով, բայց չեմ կարծում, որ այն էապես մեծ գումար է)՝ մի փոքր լուրջ չէ։ Այսինքն, այս ամենն ընդամենը նույն կոմսոմոլա–չինովնիկական դեմագոգիկ «թոզ փչոցն է»։ ԳՊԿ–ի դե–յուրե ղեկավարի հորդորներով համաձայնեցի աշխատել որպես խորհրդական։ Բայց մոտ 3 ամիս աշխատելուց հետո համոզվեցի, որ սխալվել եմ՝ դե–յուրե ղեկավարի «ազգափրկիչ» և ամպագորգոռ հայտարարություններին հավատալով, չնայած նա հանդիսանում էր հանրապետության չափանիշներով միջինին մոտ գիտաշխատող։ Համոզվեցի, որ որոշ ազդեցիկ անձերի կամոք ստեղծվել է հերթական փուչիկը, չնայած մեծ–մեծ հայտարարում էին, թե իբր այն ստեղծվել է որպես «փուչիկ գիտնականներին վերացնող» կառույց։ -Ի՞նչու եք ամեն անգամ ԳՊԿ–ի նախագահի պաշտոնի հիշատակումից առաջ օգտագործում «դե–յուրե» հասկացությունը... -Այդ հասկացության օգտագործումը պատահական չէ։ Շատերը ինձ հետ կհամաձայնեն, որ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ–ի դե–ֆակտո ղեկավարը և «գիտական» քաղաքականության հիմնական մշակողը, ինչպես նշեցի վերևում, աշխատակազմի ղեկավարն է, ի դեպ՝ բազմատաղանդ, ով անցել է հոյակապ կոմսոմոլա–չինովնիկական դպրոց, խիստ «բարոյական» կերպար, ով նախանձելի արդյունավետությամբ համատեղում է ԵՊՀ–ում դասախոսի և ուսանողի պարտականնություններն ՀՀ ԿԳՆ ԳՊԿ–ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի հետ՝ միաժամանակ հասցնելով նաև ստանալ գիտական աստիճան։ Կարծում եմ, հայ ազգը պետք է արժանին մատուցի նրան, որ այդ հսկայածավալ ու խիստ ազգանվեր աշխատանքը վերցրել է իր ուսերին, դե–յուրե ղեկավարին թողնելով նույնպես խիստ պատասխանատու և իսկապես ինքնատիպ «գիտական զբոսաշրջության» բնագավառը։ Ի դեպ այդ հասկացությունը վերցված է իրենց մշակած գիտության զարգացման ռազմավարությունից, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից վերջերս։ -Չէ՞ որ ՀՀ կառավարության կողմից հաստատված ոլորտի ռազմավարության ծրագիրը վերջերս լայն քննարկման դրվեց Ջերմուկի կոնֆերանսում, որտեղ հնարավորություն կար արտահայտել այս կամ այն դիտողությունը կամ առաջարկությունը՝ ոլորտի ռազմավարու–թյունը ավելի նպատակային դարձնելու համար։ -Այդ թանկարժեք և մեր գիտության բյուջեի հետ անհարիր երեքօրյա կոնֆերանսի մասին, որի ճիշտ ու դիպուկ նպատակը փաստվել է «Առավոտ» օրաթերթում որպես «կերուխում–կոնֆերանս», ես իբր տեղեկացվել, հրավիրվել եմ միայն հեռախոսով՝ աշխատակցուհի ներկայացած անձի կողմից։ Այսինքն, ակնհայտ էր, որ առանձնապես պաշտոնապես չեն հրավիրում։ Մյուս կողմից, ծանոթանալով այդ կոնֆերանս կոչված միջոցառման օրակարգին, որտեղ, անկախ ներդրված գումարների չափերից, պետք է, չգիտես ինչու, բավական ժամանակ տրամադրվեր Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների ելույթներին և այդ նույն համալսարանի ռեկտորի՝ Հայաստանում գիտության զարգացման տեսակետին, իմ համար գոնե պարզ դարձավ, որ այդ՝ փողերի լվացում հիշեցնող միջոցառմանը իմաստ չունի մասնակցել։ Կարծում եմ, շատերն էին դա հասկացել ու հրաժարվել 3–օրյա գիտական հան–գստից՝ ներառյալ «գիտական զբոսաշրջությունը» դեպի Կեչուտի ջրամբար, իսկ մասնակցող–ների՝ ներառյալ ուրիշի հաշվին ուտել–խմելու միշտ պատրաստների հերթապահ ու մի բան ասած լինելու նպատակով արտահայտված կարծիքներն էլ, եթե եղել են այդպիսիք, մնացել են այդ նույն Ջերմուկի առողջարանում, ինչպես ասում են՝ կարևորը փողերի ծախսագրումն էր և կոմսոմոլա–չինովնիկական «գալոչկան», որն ինչպես տեսանք՝ ստացվեց ի դեմս ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի կառավարության որոշման։ Մյուս կողմից, արդեն նախնական ծանոթացումը այդ «Գիտության զարգացման ռազմավարության մասին» փաստաթղթի հետ, բացահայտեց դրա հերթական կուսակցական մակուլատուրա հանդիսանալը՝ ներառյալ արդեն զավեշտի հասնող «բնակարաններ ձեռք բերելու համար արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկերի տրամադրում»–ը երիտասարդներին։ Չգիտես, խնդա՞ս, թե՞ լաս։ Այ քեզ գիտության զարգացման ռազմավարություն, որը «թիրախային» քաղաքականությամբ միտված է առաջ՝ ապագան, որի իսկական նպատակը բացահայտվում է ավելի քան փաստաթղթի տեսք ստացած «ՀՀ ընթացիկ տարվա (2010թ) պետական բյուջեն /գիտության մասով»–ի նույնիսկ հպանցիկ ուսումնասիրմամբ, որը, անկասկած, հանդիսանում է վարվող պետակա՞ն, թե՞ անձնական քաղաքականության հայելին։ Իսկ մեր ընթացիկ բյուջեն՝ գիտության մասով, իհարկե, լիքն է բացահայտ կոռուպցիոն երևույթներով։ Առայժմ ամենևին էլ նկատի չունեմ գիտական հանրության մեջ պտտվող տարաբնույթ «օտկատների» մասին ասեկոսեները (որոնք, չգիտես ինչու, հետագայում միշտ հաստատվում են Հայաստանում), այլ այն տարրական տրամաբանությունից զուրկ ու խիստ կողմնակալ որոշ (ԵՃՇՀ, ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ, ցեղասպանության ինստիտուտ–թանգարան և այլն) կազմակերպությունների ֆինանսական հատկացումների փաստերը, որոնք ամրագրված են ՀՀ պետական բյուջեում և որոնց մասին կարելի է ավելի մանրամասն խոսել ապագայում։ Հարցազրույցը՝ Գ.Հակոբյանի «Առավոտ», 8 հուլիս, 2010թ.

No comments: