Saturday, July 3, 2010

Համանախագահները տարբերություն են տեսնում այդ շրջանների և Ղարաբաղի կարգավիճակների միջև. Զատուլին

Tert.am. 2-7-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարության արձագանքների վերլուծությունն ապացուցում է, որ հայկական հասարակությունում և ԶԼՄ-ներում այդ փաստաթուղթը թերագնահատում են։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Ըստ նրա՝ այդ որոշումը զգալի չափով կրկնում է բոլոր այն առաջարկները, որոնք հնչել են Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ, որն ավարտվեց Ադրբեջանի նախագահի դեմարշով։ Զատուլինը հավելեց, որ պետք չէ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից պահանջել, որպեսզի նրանք ամեն հարցում համաձայնեն Հայաստանի հետ։ «Փաստաթղթում խոսվում է տարածքներն ազատելու անհրաժեշտության մասին։ Այո, տարբերություն կա անգլերեն և ռուսերեն տեքստերի միջև։ Ամեն դեպքում, խոսքը տարածքների մասին է, որոնք Լեռնային Ղարաբաղ չեն և որոնք, կախված այն բանից՝ ադրբեջանական, թե հայկական մամուլում եք կարդում, մի դեպքում կոչվում են «Ադրբեջանի գրավյալ տարածքներ», մյուսում՝ «անվտանգության գոտի»»,- ասաց պատգամավորը։ Զատուլինի կարծիքով՝ դրանից հետևում է, որ համանախագահները տարբերություն են տեսնում այդ շրջանների կարգավիճակի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջև։ «Չէ որ նրանք Լեռնային Ղարաբաղը չեն դիտարկում որպես հայկական կողմի գրաված տարածք»,- ասաց նա։ Ռուս պատգամավորը նաև հավելեց, որ նախագահների հայտարարությունում խոսվում է այն մասին, որ հակամարտության կարգավորման դեպքում կարևոր է Հայաստանի հետ միջանցքի առկայությունը։ «Տողերի արանքում կարդացվում է, որ ցանկացած կարգավորման դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լիովին չի համընկնի Ադրբեջանի պնդմանը։ Հենց դա էլ բարկացրել է նախագահ Ալիևին Սանկտ Պետերբուրգում։ Նա ոչինչ չի ուզում լսել միջանցքի մասին»,- ասաց Կոնստանտին Զատուլինը։

No comments: