Monday, July 19, 2010

Մամեդյարովը բանակցությունների տրամաբանությանը չի՞ տիրապետում

Panorama.am. 19-7-2010- «Հայերն անկախ Հայաստան պետություն ունեն: Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշումը հետևաբար կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի տարածքում»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` միաժամանակ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող լինել հետագա բանակացությունների թեմա: Այս հայտարարության հեղինակը կամ չի տիրապետում կարգավորման գործընթացին, կամ այդ գործընթացն անիմաստ է համարում: Ամենայն հավանականությամբ` երկրորդը: Բազմիցս ասվել է, որ խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների` ներառյալ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Ի դեպ, Էլմար Մամեդյարովը 2009 թվականի դեկտեմբերի 1-ին բախտ է ունեցել անձամբ ստորագրելու այդ հանձնառության տակ: Այսինքն` Հայաստանի անկախ լինելը կամ չլինելը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական իրավունքի ճանաչման ու դրա իրականացման հնարավորությունների հետ բացարձակապես կապ չունի (ինտելեկտուալ կարողությունների սուր պակաս զգացող Էլմար Մամեդյարովին տեղեկացնենք, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա առկա են 6 գերմանախոս, մեկ տասնյակից ավելի ֆրանսախոս, երկու տասնյակ արաբախոս ու իսպամախոս, մի քանի տասնյակ անգլիախոս երկրներ): Երկրորդ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր առանցքայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման ու դրա իրացման մեխազնիմների հարցն է: Եվ այսօր բանակցություններն ընթանում են հենց դրա շուրջ` պայմանավորվել, թե ինչպես են ղարաբաղցիներն իրացնելու իրենց ինքնորոշման իրավունքը և հարգել նրանց որոշումը: Հիմա երբ բոլորը սպասում են, որ Էլմար Մամեդյարովը պետք է հայտարարություն անի դիմացինի` Լեռնային Ղարաբաղի բնակչության, իրավունքները հարգելու պատրաստակամության մասին, նա դրա փոխարեն կարծիք է հայտնում այդ իրավունքը սահմանափակելու իր շարժառիթների մասին` ըստ որում` իրեն իրավունք վերապահելով հայտարարություն անել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշման մասին: Սա այլ կերպ, քան հակամարտության կարգավորումից խուսափել, հնարավոր չէ մեկնաբանել:

No comments: