Saturday, July 3, 2010

Վանո Սիրադեղյանը սպառնացե՞լ է Արարատ Զուրաբյանին

News.am. 3-7-2010- «Դու չգիտե՞ս, որ ՀՀՇ հավերժ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»՝ այս նախադասությունը, ըստ «Հրապարակ» օրաթերթի, Վանո Սիրադեղյանի նամակից է, որը վերջինս մոտ 15 օր առաջ հղել է ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանին։ Թերթն իր երեկվա՝ հուլիսի 2-ի իր համարում տեղեկացրել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով Վանո Սիրադեղյանը նամակ է հղել Արարատ Զուրաբյանին` հորդորելով նրան ենթարկվել Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ի ներսում պառակտում չմտցնել: Ըստ թերթի աղբյուրի` նամակում Վանո Սիրադեղյանը հորդորել է Արարատ Զուրաբյանին հրաժարական տալ ու իր՝ Սիրադեղյանի համար նոր պրոբլեմներ չհարուցել: Արարատ Զուրաբյանը, փաստորեն, տեղի է տվել Սիրադեղյանի հորդորին ու հրաժարականի դիմում ներկայացրել։ Նկատենք, որ NEWS.am-ին տված հարցազրույցում Արարատ Զուրաբյանը ասել էր, որ իր հրաժարականի պատճառը կապված չէ այն մեղադրանքների հետ, ըստ որոնց՝ ինքն ու Քոքոբելյանը համագործակցում են իշխանությունների հետ։ «ՀՀՇ-ն համագործակցել ու այսուհետ եւս համագործակցելու է Հայ Ազգային Կոնգրեսի հետ»,-ասել էր Զուրաբյանը։ Վանո Սիրադեղյանին դիմելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնության մասին NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից։ Նա ասաց, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ նման բան չի եղել։ Նշենք, որ ՀՀՇ հունիսի 12-ի վարչության նիստում հրաժարական տվեց կուսակցության փախնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, իսկ Արարատ Զուրաբյանը նույն այդ նիստում բարձրացրել էր իր վստահության հարցը, որը վարչությունը չէր քննարկել։ Մի քանի օր անց՝ հունիսի 17-ին, արդեն Արարատ Զուրաբյանն էր հրաժարական ներկայացրել՝ առանց հիմնավորելու իր որոշումը։ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը։ Արարատ Զուրաբյանը չի բացառում, որ համագումարի ընթացքում ինքը կարող է կրկին առաջադրվել որպես ՀՀՇ վարչության նախագահի թեկնածու։ Վանո Սիրադեղյանը ՀՀՇ առաջնորդներից է եղել, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված՝ «Ինտերպոլի» միջոցով։

No comments: