Tert.am. 3-7-2010- Հայաստանն ունի լավ Սահմանադրություն, սակայն դեռևս ձևավորված չէ այն սահմանադրական մշակույթը, որն անհրաժեշտ է այդ Սահմանադրությունը լիարժեք կյանքի կոչելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ ներկայացրեց Սահմանադրական դատարանի իրավաբանական վարչության անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ Արման Դիլանյանը՝ նշելով, որ այս ուղղությամբ անելիք ունի և' հասարակությունը, և' իշխանությունը։
«Սահմանադրության մեջ կան դրույթներ և նպատակներ, որոնք միշտ պետք է իրականացվեն։ Դրանք այն դրույթներն են, որոնց ձգտում է յուրաքանչյուր ժողովրդավար պետություն։ Թե ինչպես է կատարվում Հայաստանի Սահմանադրությունը, կախված է նաև մեր քաղաքացիների իրավագիտակցությունից։ Եթե կա իրավունք, ապա պետք է պահանջել այդ իրավունքի կատարումը։ Պետության պարտականությունն է ապահովել դրա համար պայմաններ»,- ասաց նա։
ՍԴ միջազգային պայմանագրերի վարչության պետ Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ կան խնդիրներ Սահմանադության մի շարք նորմերի ընկալման հետ կապված։ «Կան նորմեր, որոնց որոշ հատվածներ գուցե ոչ հստակ ձևակերպման և ոչ լիարժեք ընկալման հետևանքով չեն ստանում այն կիրառությունը, որը պետք է ստանան»,- սացա Վարդանյանը։ Ըստ նրա՝ Սահմանադրությունը միայն պետության կողմից շնորհված փաստաթուղթ չէ հասարակությանը. դա յուրահատուկ պայմանագիր է հասարակության և պետության միջև, և երկու կողմերն էլ պետք է միմյանց ստիպեն կատարել պարտավորությունները։
Բանախոսները նշեցին նաև, որ ՀՀ քաղաքացու՝ ընտրության իրավունքը սահամանափակված չէ, սակայն կան խնդիրներ քվեարկության գործընթացում։
«Իշխանությունները տիրապետո՞ւմ են արդյոք Սահմանադրության դրույթներին» հարցին՝ բանախոսները պատասխանեցին, որ նման հարց պետք է ուղղել սոցիոլոգներին. «Հայաստանի քաղաքացին պարտավոր է տիրապետել Սահմանադրության դրույթներին»։
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment