Tuesday, July 6, 2010

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

«Լրագիր» 6-7-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ աշնանն այցելելու են ազատագրված տարածքներ: Ինչո՞ւ հանկարծ: Ինչ են կորցրել այնտեղ: Ձանձրացե՞լ են արդեն միայն Երեւան, Բաքու եւ մեկ մեկ էլ Ստեփանակերտ երթուղուց, թե մի ուրիշ պատճառ կա, որ իրենք էլ դեռ չգիտեն, եւ հույս ունեն, որ մինչեւ աշուն կիմանան, կամ գիտեն, բայց որոշել են մինչեւ աշուն ոչինչ չասել: Այդ ինչ ծրագիր է, որ ձեռնարկում են եւ որը “սկզբունքորեն ընդունվել է”, ինչպես նշում են համանախագահներն իրենց տարածած հայտարարության մեջ: Հատկապես ինչ տարածքում են լինելու, մասնավորապես ինչ են անելու համանախագահները ազատագրված տարածքներում. պարզապես շրջելու են մեքենայով եւ տարածությունը չափեն, թե հողի բերքատվության աստիճանն են պարզելու, թե շփվելու են ազատագրված տարածքներում բնակվող անձանց հետո, լսելու են նրանց կարծիքը Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածքների վերադարձի, խաղաղապահների մասին, կամ գուցե հաշվելու են տարածքներում բնակվող անձանց թիվը եւ հասկանան, թե արդյոք որքանով են հայերին այդ տարածքները պետք, որքանով են դրանք ծառայում կյանքին: Խնդիրն այն է, որ այժմ ազատագրված տարածքների բնակությունն ավելի շատ հիշեցնում է ոչ թե կյանք, կյանքի մի մաս, մի կտոր, մի տեսակ, այլ փախուստ կյանքից, կյանքից նեղացածություն, կյանքից վտարվածություն: Ազատագրված տարածքներում բնակությունը զերծ է կյանքի տարրական ենթակառուցվածքներից, որոնք հրադադարից հետո 16 տարիների ընթացքում պետք է որ արդեն իսկ լուծված հարց լինեին հայերի համար: Մինչդեռ այսօր այդ տարածքներում վերաբնակեցվածների կենցաղին ծանոթանալիս առավելապես հիշվում են “Ելիր, ում կյանքն անիծել է” տողերը, որոնք իհարկե գրվել են բոլորովին այլ առիթով: Բայց բանն այն է, որ երբ շփվում ես ազատագրված տարածքներում առկա վիճակի հետ, հենց թվում է, որ ում կյանքն անիծել է, ուղարկել է տարածքներ, կամ տարածքներ են եկել նրանք, ովքեր անիծել են կյանքը եւ որոշել են կտրել կյանքի հետ իրենց կապերը: Տարածքներում առկա սոցիալ-կենցաղային վիճակը գրեթե նույնականանում է բարոյահոգեբանական ինքնասպանության հետ: Մինչդեռ երեւի թե պետք է հակառակը լիներ, ու պետք է ազատագրված տարածքները տարեցտարի ավելի ու ավելի ապրեին լիարժեք կյանքով: Միգուցե լավ է, որ համանախագահները աշնանն են որոշել տարածքներ գնալ: Միգուցե հնարավոր է մինչեւ աշուն, թեկուզ առաջիկա երկու կամ մեկուկես, կամ գուցե երեք ամիսների ընթացքում` որովհետեւ աշունը մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր է, մի քիչ կյանք տալ այդ տարածքներին, ցույց տալու համար, որ հայերին դրանք պետք են, որ դրանք միայն կամավոր աքսորավայր կամ իռացիոնալ հայրենասիրության դրսեւորման հարթակ չեն, այլ միանգամայն գիտակից, արդիական աշխարհայացքի եւ աշխարհընկալման արտահայտություն: Տարիներ առաջ եղավ ԵԱՀԿ հայտնի փաստահավաք խմբի այցը ազատագրված տարածքներ, որի ընթացքում հայկական կողմը հպարտորեն ցույց տվեց, թե չի բնակեցնում այդ տարածքները: Տեսնես քանի այդպիսի միջազգային այց պետք է լինի տարածքներ, որ հայկական կողմը հասկանա, թե ինչ է պահանջվում ցույց տալ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: