Tuesday, July 6, 2010

Քլինթոնի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցը ցուցադրական մի քայլ էր

7or.am. 6-7-2010- «Ժառանգություն» կուսակցությունը կարևոր է համարում Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցելությունը տարածաշրջան։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ նշելով, թե պետքարտուղարի այցը կոչվել է արևելաեվրոպական շրջագայություն, որի ընթացքում նա այցելել է Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ -Հետաքրքիր ազդանշան էր սա, հատկապես այն պարագայում, երբ Թուրքիա այցելություն չկար, ինչը նշանակում էր, որ ԱՄՆ-ը Թուրքիան չդիտարկեց որպես Արևելյան Եվրոպայի մի մաս։ Երկրորդ կարևորը, ըստ Ս. Սաֆարյանի, այն հայտարարությունն էր, որն արել է Հ. Քլինթոնը հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, այն է՝ «Գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում», սրանով, բանախոսի խոսքերով՝ ակնհայտորեն, ձախողման պատասխանատվությունը և հետագայում գործընթացի առաջ շարժվելու բեռը դնելով Թուրքիայի վրա։ Ինչ վերաբերում է Ծիծառնակաբերդ Քլինթոնի կատարած այցին, ապա դա թեև մասնավոր այցելություն էր, սակայն Ս. Սաֆարյանն այն համարել է բավական ցուցադրական մի քայլ, որն ակնհայտորեն ցույց է տալիս Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի այս պահի վերաբերմունքը։

No comments: