Sunday, July 18, 2010

Մամեդյարովը դժգոհել է, որ իրեն չի հաջողվել Նալբանդյանին համոզել

Tert.am. 17-7-2010- «Հանդիպման ընթացքում համաձայնեցվող հարցերը մի կողմ են դրվում և դրանց փոխարեն քննարկվում են այլ հարցեր։ Իսկ մենք երկու հանդիպումից հետո կրկին վերադառնում ենք նույն հարցերին»։ Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Ալմաթիում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ «Այս պատճառով էլ ինձ մոտ կարծիք է ձևավորվել, որ Հայաստանը չի ցանկանում՝ բանակցություններում առաջընթաց լինի, կայունությունը վերականգնվի։ Չնայած վստահեցնում են, որ փորձում են առաջընթացի հասնել։ Հայկական կողմն առաջ է քաշում այնպիսի հարցեր, ինչպիսին է, օրինակ, Ղարաբաղի կարգավիճակը, չնայած տվյալ փուլում այդ հարցի վրա աշխատելն անհնար է։ Եվ համանախագահները, առաջ քաշելով իրենց սկզբունքները, առաջարկում են հարցը լուծել փուլ առ փուլ։ Նախ անհրաժեշտ է լուծել ամենաբարդ հարցը՝ զբաղեցված տարածքների խնդիրը։ Դա կստեղծի հնարավորություն երկու ժողովուրդների միջև ինչ-որ կապեր, կոնտակտներ կառուցելու համար», - ասել է Մամեդյարովը։ Ադրբեջանցի նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը համաձայն է հինգ շրջանների վերադարձի դեպքում բացել բոլոր կոմունիկացիաները. «Այս անգամ չստացվեց, բայց անհրաժեշտ է համբերատար լինել և շարունակել աշխատանքը»։ Մամեդյարովը նաև ասել է, որ Հայաստանի արտգործնախարարը հնարավորություն չի տվել ընդունելու Ադրբեջանի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեղ հայտարարություն։ «Ցավոք, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հնարավորություն չտվեց ընդունել համատեղ հայտարարություն, քանի որ անհամաձայնություն հայտնեց որոշ հարցերի առնչությամբ։ Այդ պատճառով ընդունվեց երեք համանախագահող երկրների նախարարների հայտարարությունը։ Մեր ջանքերի գլխավոր պահն այն է, որ այդ հայտարարությունը դարձավ ևս մեկ քայլ առաջ»,- ասել է նա։ Նա նշել է, որ հարցը չի լուծվել և չի կարելի ասել, որ եղավ որևէ բեկում։ «Մենք որոշում ընդունեցինք շարունակել աշխատանքը համանախագահների հետ»,- ասել է նա։ Մամեդյարովը նաև հայտնել է, որ համանախագահները մտադիր են ևս մեկ անգամ այցելել տարածաշրջան մինչև սեպտեմբեր՝ նշելելով, որ կոնկրետ ժամկետը դեռ հայտնի չէ։

No comments: