«Լրագիր» 7-7-2010- Հայկական կողմը համառորեն շարունակում է տեղեկատվություն հաղորդել հրադադարի խախտումների մասին, որ թույլ է տալիս Ադրբեջանը: Գրեթե ամեն օր, տեղեկություն է տարածվում, որ ադրբեջանական կողմը այսքան անգամ կամ այնքան անգամ խախտել է հրադադարի ռեժիմը եւ տարբեր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է հայկական դիրքերը, իսկ պատասխան գործողություններից հետո էլ լռել է: Ի վերջո, որն է այս ամենի նպատակը եւ արդյոք հայկական տեղեկատվության աղբյուրը գիտակցում է իր տարածած տեղեկատվության օգուտի կամ վնասի չափը հենց հայկական կողմի համար:
Ըստ երեւույթին, հայկական կողմը փորձում է այսպես կոչված միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինչ “ուխտադրուժ” է Ադրբեջանն ու ինչպես է խախտում հրադադարի պայմանավորվածությունը: Բայց բանն այն է, որ այսքան ժամանակը պետք է որ հայկական կողմի համար բավարար լիներ հասկանալու, որ միջազգային հանրությունը մեծ հաշվով անտեսած ունի մեր տարածած այդ տեղեկությունները, որովհետեւ դրանց հիման վրա չէ, որ դատողություններ է անում շփման գծում վիճակի մասին: Դրա վառ վկայությունը թե այն է, որ միջազգային հանրությունն իր հրապարակային հայտարարություններում այդպես էլ կոնկրետ չի մատնանշում Ադրբեջանի “ուխտադրուժության” մասին, այլ անում է ընդհանրական հանդարտության կոչեր, ու թե նաեւ այն, ինչ ասաց ԵՄ Հարավային Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Չայլուի միջադեպի առիթով, երբ դրա վերաբերյալ գնահատական տալու մասին “Ազատություն” ռադիոկայանի հարցին ի պատասխան նշել էր, որ ինքը ձեռնպահ կմնա գնահատականից, քանի որ ինֆորմացիան երկրորդ ձեռքից է: Այսինքն, նա չի վստահում հայկական կողմի ինֆորմացիային:
Այդ ամենը երեւի թե բավարար էր հասկանալու համար, որ հրադադարի խախտման մասին ամենօրյա տեղեկատվական հոսքով միջազգային հանրությունից Ադրբեջանի հասցեին նախատինք պոկելու մարտավարությունը անիմաստ է: Բայց հայկական կողմը շարունակում է տարածել այդպիսի տեղեկություններ:
Հիմա պատկերացնենք այն մարդկանց վիճակը, որոնք ապրում են Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւ ամեն օր լսում են տեղեկատվություն այն մասին, թե քանի հարյուր անգամ են ադրբեջանցիները հրադադար խախտել: Հայաստանի տեղեկատվական քաղաքականությունն անհասկանալի դիվանագիտական նպատակների պատճառով ուղղակի բարոյահոգեբանական, նյարդային ականի վրա է նստեցնում Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությանը, ովքեր երեւի թե սկսել են սպասել, որ Ադրբեջանն ամեն րոպե կարող է հարձակվել: Անորոշ, պետությանը որեւէ շոշափելի բան չտվող ինչ որ դիվանագիտական մտահղացման զոհ է դառնում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով չգիտե ինչ անել, ինչպես շարունակել ապրել ադրբեջանական ագրեսիայի անվերջ սպասումով, լարվածության մեջ, չգիտե ուր ուղարկել իր երեխաներին, ծերերին, կանանց:
Եթե Հայաստանի իշխանությունը որոշել է այդպիսով հասարակությանն ազնվորեն պատրաստել հավանական դարձած պպատերազմին, ապա ընտրել է թերեւս պատրաստության ամենավատ տարբերակներից մեկը, որն ինչ որ տեղ, ինչքան էլ տարօրինակ չթվա, հիշեցնում է հայտնի անեկդոտը ավանակին քիչ կերի վարժեցնելու մասին. տերն ավանակին սկսում է քիչ կերակրել, խնայողության նկատառումից ելնելով, օրեցօր նվազեցնելով կերի չափը, մի օր էլ հասնում է այն վիճակին, որ ընդհանրապես չի տալիս: Կենդանին մեկ շաբաթ էլ համառորեն շարունակում է գոյությունն անկեր կյանքում, բայց մի օր շունչը փչում է: Տերը մտնելով գոմ տեսնում է կենդանուն սատկած ու ափսոսում` “խեղճին հազիվ էի սովորեցրել առանց կերի ապրելու, ափսոս սատկեց”:
Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանամերձ գոտիների, իսկ հետո նաեւ ընդհանրապես ամբողջ բնակչությունը երեւի թե մի օր վերջնական խուճապի է մատնվելու, իսկ իշխանությունն էլ նայելու է ու ասի` “ափսոս, հազիվ էի սովորեցրել պատերազմին պատրաստ լինելուն, այն էլ մատնվեցին խուճապի”:
Որ Հայաստանի պես երկրի բնակչությունը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի, կասկած թերեւս չկա, բայց այդ պատրաստությունն ապահովելիս պետք է նկատի առնել բոլոր այն բարդ հոգեբանական գործընթացները, որ անձի մեջ ենթադրում է պատերազմի սպասումը: Թեեւ, միգուցե ճշմարտությանը շատ մոտ է կամ ճշմարտության զգալի մաս է կրում նաեւ այն վարկածը, որ այդօրինակ տեղեկատվական հոսքի նպատակային կետերից մեկն էլ հենց խուճապային տրամադրություն առաջացնելն է, որպեսզի հնարավոր պատերազմի վերսկսման տպավորություն թողնելով, իշխանությունն առաջացնի հանրային այնպիսի տրամադրություն, որ երբ միջազգային հանրությունը պաշտոնական Երեւանին պարտադրի կարգավորման առկա տարբերակը, քաղաքացիները պատրաստ լինեն Ղարաբաղի հարցում իշխանության զիջումներին հավանություն տալուն, մտածելով, թե հակառակ դեպքում իսկապես Ադրբեջանը կհարձակվի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, July 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment