Wednesday, July 7, 2010

Թուրքիան Քլինթոնի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցելության առնչությամբ դժգոհել է Վաշինգտոնին. Դավութօղլու

Tert.am. 7-6-2010- Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի` Հարավային Կովկասի երկրներ կատարած այցելությունը ժամանակային առումով շատ ճիշտ նախաձեռնություն էր: Այս մասին թուրքական TGRT հեռուստաալիքով ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` ավելացնելով, որ Քլինթոնի այցը տարածաշրջանում կբերի դրական զարգացումներ: Անդրադառնալով Քլինթոնի` Ծիծեռնակաբերդ կատարած այցելությանը` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ չնայած այցը կրում էր մասնավոր բնույթ, Թուրքիան այդ առնչությամբ իր դժգոհությունը հայտնել է Վաշինգտոնին: Հիշեցնենք, որ Քլինթոնի՝ Երևան և Բաքու կատարած այցելություններից անմիջապես հետո Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել էր այդ թեմային: Ակնարկելով, որ այդ այցելությունը թափ է հաղորդելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Թուրքիայի արտգործնախարարն ասել էր. «Մենք մոտիկից հետևում ենք թեմային: Հուսով ենք` այս ամառ դրական զարգացումներ կլինեն Կովկասում»:

No comments: