Saturday, July 3, 2010

ԱՇԽԱՐՀԱԶՈՐ. ԲԱ ՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆԸ

«Լրագիր» 2-7-2010- Ղարաբաղի պատերազմի վետերանների միությունը հուլիսի 3-ին ակցիա է կազմակերպում Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց: Ակցիայի պահանջն է լինելու աշխարհազորի կազմակերպումը: Կա մեկ այլ պահանջ էլ` չզիջել ոչ մի թիզ հող: Հայաստանի համար կարեւորագույն խնդիրների պարագայում ակտիվության ցանկացած դրսեւորում, որն, իհարկե, չի հակասում Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին, ողջունելի է: Բայց տվյալ ակտիվության պարագայում թերեւս պետք է հարց առաջանա “աշխարհազորի կազմակերպման” պահանջի վերաբերյալ: Ի վերջո, Հայաստանը պետությո՞ւն է, թե ոչ: Ի վերջո, բողոքի կամ պահանջատիրության ցանկացած դրսեւորում պետք է ելնի այդ գիտակցումի՞ց, թե ոչ: Եթե ոչ, ապա որպես ի՞նչ է ընկալվում տվյալ դեպքում Հայաստանը: Ինչի՞ պաշտպանության մասին է գնում տվյալ դեպքում խոսքը, եթե Հայաստանը չենք դիտարկում որպես պետություն: Իսկ եթե Հայաստանը պետություն է, ինչը գոնե դե յուրե այդպես է, ապա էլ ի՞նչ աշխարհազորի մասին է խոսքը: Հայաստանի Հանրապետությունն ունի բանակ, ունի ուժային այլ կառույցներ, որոնց գործառույթը երկրի անվտանգությունն ապահովելն է: Եթե բանակի ուժերը չեն բավարարում, դրա համար կա պահեստազոր, որը պատերազմական վտանգի պարագայում, համաձայն Հայաստանի օրենսդրության, ենթարկվում է մոբիլիզացիայի եւ համալրում գործող բանակի շարքերը: Այդ ամենն ապահովելու համար գործում են եւ պետական բյուջեից վարձատրվում են բազմաթիվ կառույցներ, տասնյակ եւ գուցե հարյուրավոր պաշտոնյաներ: Պահեստազորը մարտունակ վիճակում պահելու համար բյուջեից հատկացվում են հսկայական փողեր, որոնցով կազմակերպվում են պահեստային հավաքներ եւ պահեստազորի կենսունակության պահպանմանն ուղղված այլ միջոցառումներ: Ինչի՞ համար է պետք այդ ամենը, ինչի՞ համար է այդ ամենի բեռը դրվում պետության բյուջեն համալրող հասարակության վրա, եթե վտանգի պահին պետք է աշխարհազորի կոչեր արվեն: Խնդիրն այստեղ իհարկե զուտ կոչը չէ, այլ մտածողությունը: Բանն այն է, որ նախկին ազատամարտիկները, պատերազմի վետերանները, պետք է թերեւս աշխարհազորի պահանջներ ներկայացնելու փոխարեն լրջագույն պահանջներ ներկայացնեն բանակի մարտունակության, բանակի կարգապահության, բանակը արատավոր երեւույթներից զերծ պահելու վերաբերյալ, պետք է պահանջներ ներկայացնեն պաշտոնյաների եւ նրանց որդիների կենսագրության մեջ բանակի հանգամանքը ձեւականությունից իրականության վերածելու վերաբերյալ, որպեսզի չծառայած պաշտոնյա չլինի, որպեսզի պաշտոնյաների որդիներն էլ ծառայեն իրապես, ոչ թե ձեւական որեւէ զորամասում գրանցվեն, սակայն ծառայությունն անցկացնեն զվարճանքի վայրերում եւ հանգստավայրերում: Դա պետք է լինի պատերազմի վետերանների գերխնդիրը խաղաղ պայմաններում: Այսինքն, նրանք պետք է դառնան պետության կարգավիճակին Հայաստանի զինված ուժերի լիարժեք համապատասխանության հարցի պահանջատեր, որպեսզի օրինակ հայկական զինուժը թե տեխնիկապես, թե հոգեպես, թե զուտ մարտունակության անձնական պատրաստվածության տեսանկյունից շատ ավելի պատրաստ լինի ադրբեջանական դիվերսիաները դիմագրավելուն: Հայաստանի թե ներքին, թե արտաքին մարտահրավերների գերակշիռ մեծամասնությունը ներկայում գոյություն ունի հենց այն պատճառով, որ մինչեւ այժմ չի ձեւավորվել պետականության զգացում, եւ հարցերն ու դրանց առաջադրումն ու լուծումները, բոլոր ոլորտներում դիտարկվել են առավելապես էմոցիոնալ հողի վրա: Խնդիրն այս դեպքում ամենեւին էլ էմոցիաների շարժառիթները չեն` ազնվության կամ հետին նպատակների առումով: Խնդիրն այն է, որ նույնիսկ ամենաազնիվ էմոցիան չի կարող որեւէ օգտակար դեր կատարել պետության կյանքում, եթե պետության մեջ գոյություն ունի դե յուրե կարգավիճակի եւ դե ֆակտո ընկալման լրջագույն տարբերություն: Հայաստանն անշուշտ դեռ հեռու է դե ֆակտո իսկապես կայացած պետություն լինելուց, բայց բանն էլ հենց այն է, որ հարցերի լուծումը նախ եւ առաջ այդ դե ֆակտո կայացումն է, որը սկսելու է նրանից, որ հասարակական-քաղաքական բոլոր շերտերն իրենց հարցադրումներն անելիս, պահանջները ներկայացնելիս եւ ակտիվությունը դրսեւորելիս առաջնորդվեն հենց այդ ելակետից` որ գործ ունեն պետության հետ, որի քաղաքացիներն են իրենք եւ վճարում են այդ պետության գոյության համար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: