Tuesday, July 20, 2010

ԱՐԴՅՈ՞Ք ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ԻՍԿԱՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՀԵԼ

Հուլիսի 17-ին ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսանի ելույթն առիթ հանդիսացավ, որպեսզի վերջապես գրեմ այն, ինչը վաղուց հասունացել էր: Միանգամից նշեմ, որ անդրադառնալու եմ բացառապես հիշյալ ելույթում առկա թեզերին և չեմ փորձելու շոշափել դրանց` այս պահին այդքան բյուրեղացված ներկայացնելու շարժառիթներին, թեև, կարծում եմ, դա էլ է որոշակի քաղաքագիտական վերլուծության նյութ: Այնուամենայնիվ, ելնելով այն կանխավարկածից, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի ապագայի հետ կապված իր տեսլականը ներկայացնում է որպես հայրենասեր մարդ, որը հենց այդ ճանապարհով է տեսնում բոլոր խնդիրների լուծումը՝ անցնենք նրա թեզերի վերլուծությանը՝ ապավինելով միայն փաստարկներին և բանականությանը, այլ ոչ թե անվանարկմանն ու զգացմունքներին: Թեզ 1. Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը (չնայած ինձ համար սա ամենացավոտ կետն է), որ սա պարզ անարգանք է բոլոր այն մարդկանց հասցեին, որոնք, հավատալով, որ այդ և հարակից խնդիրները հնարավոր է լուծել ժողովրդավարական հզոր ալիքի և դրա արդյունքում ձևավորվելիք ընտրված, լեգիտիմ իշխանությունների իրականացնելիք լայնածավալ բարեփոխումների արդյունքում, ժամանակին կանգնել են առաջին նախագահի կողքին և կրել բազում զրկանքներ՝ հանուն այդ վեհ գաղափարի, որի հանդեպ հավատը վերածնել էր հենց նա: Պարզապես փորձենք հասկանալ, թե որքանով են այս երկուսը` երկրի բարեկեցությունն ու հզորությունը, մի կողմից, և հարևան պետությունների հետ առկա խնդիրները, մյուս կողմից, կապված իրար հետ: Ասենք, որքանով է առնչվում սահմանների փակ լինելը օլիգարխիայի գոյությանը՝ իր բոլոր այլանդակ դրսևորումներով: Հատկապես առանձնացնում եմ այս մեկը, որովհետև ակնհայտ է, որ դա՛ է մեր բոլոր արատների հիմքերի հիմքը: Ե՛վ մենաշնորհները, և՛ ստվերը, և՛ անարդարությունը, և՛ ընտրությունների կեղծումը, և՛ մարդու իրավունքների ոտնահարումը, և՛ սոցիալական ծանր վիճակը ու դրա հետևանքով առաջացող արտագաղթը հետևանք են երկրում առկա օլիգարխիկ համակարգի ու այդ համակարգի պահպանման ջանքերի: Եթե Տեր-Պետրոսյանի “առանց կարգավորման Հայաստանը ... հեռանկար չունի”-ն ենթադրում է, որ տաք հակամարտության բացակայության պայմաններում հնարավոր կլինի երկրում զինված հեղաշրջում իրականացնել և այդ ամենին վերջ տալ, ապա թերևս այդտեղ կարելի է որոշակի ճշմարտություն տեսնել, սակայն կարծեմ թե նախկին նախագահը նկատի ունի կարգավորման արդյունքում բացվող սահմանները և հաղորդակցության ուղիները: Հայաստանի հետպատերազմյան պատմությունը մեզ ցույց է տվել, որ անգամ հիշյալ բոլոր ներքին արատների և երկկողմանի շրջափակման պայմաններում երկիրն արձանագրել է նկատելի տնտեսական աճ (ըստ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերադարձից հետո իր առաջին հանրահավաքում ներկայացրած վիճակագրության՝ ՀՆԱ չորս անգամ աճ՝ 1997-2006 թվականների կտրվածքով): Նույնիսկ սիրողական աչքով նայողի համար պարզ է, որ թեկուզ այս տեմպով շարունակելու դեպքում հնարավոր կլինի ապահովել ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության բարեկեցության նվազագույն շեմը: Ես տնտեսագետ չեմ, բայց համոզված եմ, որ օլիգարխիան վերացնելուց հետո այս մակարդակն առնվազն կկրկնապատկվի: Այսինքն, այստեղ էլ ընդդիմության առաջնորդը կարող է խոսել ընդամենն Ադրբեջանին համաչափ տնտեսական զարգացման մասին (հղում եմ կատարում նույն ելույթի համեմատական մասին, որտեղ ասվում է, որ հիշյալ ցուցանիշով Ադրբեջանն ունեցել է 5 անգամ աճ): Ասել է թե՝ ոչ թե այնքան, որ մարդիկ լավ ապրեն, այլ այնքան, որ մենք ի վիճակի լինենք թշնամու հետ ոտք մեկնել: Ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս օրգանական կապը Տեր-Պետրոսյանի հաջորդ հիմնարար թեզի հետ: Թեզ 2. Հայաստանը ռեսուրս չունի՝ ստատուս քվոն պահպանելու համար, հետևաբար օր առաջ պետք է գնա ԼՂ հարցի «փոխզիջումային» լուծման, ինչից հետո կբացվի նաև հայ-թուրքական սահմանը: Այստեղ անչափ կարևոր է հասկանալ, թե հատկապես որոնք են այն գործոնները, որոնք առհասարակ ապահովում են ստատուս քվոն երկու հակամարտող կողմերի միջև: Կոնֆլիկտաբանության մեջ ընդունված է որպես այդպիսիք համարել հետևյալ չորսը (սրանք կիսում են նաև Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը). տնտեսական հզորություն ռազմական ուժ ժողովրդագրական վիճակ գերտերություններ (երբեմն դրանց անվանում են նաև դաշնակիցներ) Ո՛չ Հայաստանում, ո՛չ դրանից դուրս հնարավոր չէ գտնել այնպիսի մեկին, ով, գտնվելով առողջ բանականության շրջանակներում, կպնդի, թե առաջին երեք գործոնների պարագայում մենք Ադրբեջանի հետ գտնվել ենք, գտնվում ենք կամ երբևիցե կգտնվենք հավասար պայմաններում: Այստեղ պարիտետն անհասանելի է, թեև դրա բացակայությունը ամեն ինչ չէ, որ որոշում է բուն ռազմի դաշտում, ինչի օրինակներով մարդկության, այդ թվում` մեր պատմությունը բավականին առատ է: Բայց, չգիտես ինչու, “կանխորոշվածության” հարգարժան տեսաբանները մշտապես դիտավորյալ կամ անգիտակցաբար անտեսել են չորրորդ գործոնը՝ անվանելով այն մեզնից դուրս գտնվող, հետևաբար նաև՝ անկանխատեսելի և անվերահսկելի հանգամանք: Այժմ փորձենք հասկանալ, թե որքանով է էական գերտերությունների գործոնը արցախյան հակամարտությունում առկա ստատուս քվոն պահպանելու տեսանկյունից: Ընդ որում, գերտերությունների գործոն ասելով պետք է հասկանալ կոնֆլիկտում անուղղակիորեն ներգրավված խաղորդներին, ովքեր տարածաշրջանում ունեն, իրենց բնորոշմամբ, կենսական շահեր, իսկ դրանք ակնհայտորեն երբեք չեն կարող այդ առումով համընկնել. մեկի շահերի բավարարումը նշանակում է մյուսի շահերի ոտնահարում: Իսկ քանի դեռ դրանցից մեկը շանս ունի իր շահերը կոնֆլիկտի օգնությամբ բավարարել լիարժեք և ամբողջությամբ, ոչ մի այլ տարբերակի համաձայնվել ուղղակի չի կարող: Պարզաբանենք, թե խոսքը հատկապես ինչի մասին է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բանակցությունների բոլոր փուլերում ունեցել է հինգ հիմնական և անփոփոխ կետ. Արցախի կարգավիճակ Միջանցք ՀՀ և ԼՂՀ միջև Զորքերի դուրսբերում ԼՂ շրջակա տարածքներից Փախստականների վերադարձ Խաղաղապահների տեղակայում Եթե Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողացել(նում) համաձայնության գալ առաջին 4 կետի առումով, քանի որ 1-2 և 3-4 կետերը իրարամերժ ու գրեթե անհամատեղելի են, ապա գերտերությունների համար թիվ մեկ խնդիրը հենց համար 5-ն է: Ավելի ճիշտ՝ այն, թե ինչ կազմ են ունենալու այն խաղաղապահ զորքերը, առանց որոնց Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովված չի լինի, անգամ եթե Ադրբեջանը համաձայնվի հինգ շրջանների և փախստականների վերադարձի դիմաց հենց առաջին փուլով ճանաչել ԼՂՀ անկախությունը և համաձայնվել նախկին Քելբաջարի և Լաչինի շրջաններից բաղկացած ընդարձակ միջանցքը թողնել հայկական կողմին անորոշ ժամանակով (առավելագույն զիջումը, ինչին Ադրբեջանը երբեք չի գնա): Իսկ Արցախի ժողովրդի անվտանգությունը, ինչպես ընդունված է, հակամարտության հիմնական պատճառն է: Եվ այսպես, ինչու՞ գերտերությունները՝ ի դեմս ԱՄՆ և Ռուսաստանի, համաձայնության չեն գա խաղաղապահների կազմի առումով՝ այդպիսով ապահովելով երկարաժամկետ ստատուս քվոն տարածաշրջանում (ինչը Հայաստանի համար նշանակում է խաղաղություն և զարգանալու հնարավորություն շրջափակման պայմաններում): Ծավալապաշտական Ռուսաստանը, որը հատկապես 21-րդ դ. երկրորդ տասնամյակում չի թաքցնում իր երբեմնի կայսրության շրջանակներում դիրքերի վերականգնման անհագ ցանկությունը, Հարավային Կովկասը համարում է իր առաջնային ազդեցության ոլորտը: Սա պայմանավորված է նաև սեփական անվտանգության գլոբալ հայեցակարգով, քանի որ Անդրկովկասը նաև հանդիսանում է Ռուսաստանի հարավային դարպասների՝ դարերով իրեն արդարացրած մատույցը, որի կորուստը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների ռուսական պետության համար: Հաշվի առնելով, որ տարածաշրջանի երեք երկրներից մեկում` Վրաստանում, Ռուսաստանը կարծես թե վերջնականապես տանուլ է տվել մարտը ամերիկացիներին, միակ “բաստիոնը” մնում են Հայաստանն ու Ադրբեջանը: Եթե այս երկուսի արանքում հայտնվում են ՆԱՏՕ-ական զինված ուժեր, Ռուսաստանը կորցնում է նաև այս պետությունները: Ի սկզբանե հարկավոր է գիտակցել, որ իրական անվտանգություն, եթե այն ընդհանրապես հնարավոր է, կարող են ապահովել միայն հզոր երկրների կամ այդպիսի դաշինքների անդամ ենրկրների զինված ուժեր: Փաստ է նաև, որ այդպիսի երկրների շարքում առհասարակ չեն կարող դիտարկվել այնպիսի գերտերություններ, որոնք եռանախագահների գլոբալ մրցակիցներն են համարվում (օրինակ՝ Չինաստանը): Այսպիսով, մեր հյուսիսային բարեկամները կհամաձայվեն խաղաղապահ զորքերի տեղակայմանը միայն մեկ պայմանով. եթե այդ զորքերը լինեն ռուսական: Մի բան, որին, իր հերթին, չի համաձայնվի ո՛չ Արևմուտքը, ո՛չ ինքը Ադրբեջանը: Ուստի որևէ խաղաղ լուծում սկզբունքորեն անհնարին է, բացառությամբ այն աներևակայելի տարբերակի, երբ կողմերը համաձայնության են գալիս ինչ-որ կերպ հարցը լուծել առանց խաղաղապահների: Այս դեպքում Ռուսաստանն իհարկե ոչինչ չի կորցնում, բայց չի էլ շահում: Շահելու իրական հնարավորություն Ռուսաստանը ստանում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը որոշում է վերջ տալ հոխորտանքներին և խնդիրը վերջապես լուծել ռազմական ճանապարհով, ընդ որում՝ առանց Արևմուտքի գոնե նվազագույն քաղաքական «օքեյի»: Այդժամ երբեմնի Եվրոպայի ժանդարմը, գուցեև մի փոքր ուշացումով (երբ իր գործուն օժանդակությամբ հայկական ուժերը զավթած կլինեն նաև հակամարտության գոտուց ոչ շատ հեռու գտնվող էներգակախողովակները) առանց լուրջ դիմադրության կիրականացնի օսական սցենարը ու դիրքեր կզբաղեցնի Իրանի սահմանից մինչև Բաքու-Ջեյհան նավթամուղն ու գազամուղը: Սա նույնպես անհավանական սցենար է թվում, քանի որ իր լավ բարեկամ Միշայի օրինակը Իլհամը, ինչպես և Բարաքն ու մյուսները, դժվար թե երբևէ մոռանան: Այո՛, այս ամենը մեր ձեռքերում չէ, սակայն հավասարապես մեր ձեռքերում չեն արևի ճառագայթները, առանց որոնց կյանքը երկրի վրա կվերանար: Նշածս սցենարը դեռ տասը տարի առաջ կանխատեսվել է բազմաթիվ հեղինակավոր վերլուծական կենտրոնների կողմից և հենց այն է, որ Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը հոդվածից տասներեք տարի անց էլ կանխում է դրանում առկա հոռետեսական մարգարեությունների իրականացումը: Հենց այդ սցենարն է, ի դեպ, որը ոչ միայն ծայրաստիճան անցանկալի է Արևմուտքի (միլիարդավոր դոլարների ներդրումների կորուստ, տարածաշրջանի համար պայքարում բացարձակ ֆիասկո) և Ադրբեջանի համար (տարածքի՝ քսանի փոխարեն արդեն երեսուն-քառասուն տոկոսի անվերադարձ կորուստ), այլև՝ Հայաստանի համար, որը դեպքերի այդպիսի զարգացման դեպքում վերջնականապես կվերածվի ռուսաստանյան գաղութի, թեկուզ միգուցե ավելի ընդարձակ տարածքով: Ինքս պատկանում եմ այն մարդկանց շարքին, որոնք, չափազանց կարևորելով խաղաղությունը և բաց սահմանները, կողմ են եղել իրական փոխզիջման սկզբունքով ղարաբաղյան հակամարտության լուծմանը, ապա նաև՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այդ առումով, ի դեպ, ոչինչ չի փոխվել: Հայ-թուրքական գործընթացի արդյունքում փոխվել է միայն հայացքը՝ հանդեպ թյուրք ազգին հատուկ որոշակի առանձնահատկությունները: Թվեմ դրանցից մի քանիսը. - Թյուրքերը երբեք չեն հրաժարվում բանակցությունների ժամանակ հրապարակայնորեն արվող հայտարարություններից, անգամ եթե դրանք բացակայում են քննարկվող փաստաթղթի տեքստում: Թուրքիայի ղեկավարները հոկտեմբերի 11-ին և դրանից հետո նույնությամբ կրկնեցին այն, ինչ ասում էին հոկտեմբերի 9-ին և դրանից առաջ: Արդյունքում, սահմանը մինչև օրս փակ է, և դրա բացման նախապայման է մնում «առաջընթացը» (գոնե երկու շրջան) հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում: Իլհամ Ալիևը մի քանի հարյուր անգամ հայտարարել է, որ հարյուր տարի անց էլ Ադրբեջանը չի ճանաչի Լերնային Ղարաբաղի անկախությունը և միակ կարգավիճակը, որին պատրաստ է համաձայնվել, դա բարձր ինքնավարությունն է: Մշտապես խոսվել է ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու անխուսափելիության մասին, եթե հայերը կամովին չզիջեն: Նույն կերպ բազմիցս նշվել է, որ հինգ շրջանները պետք է վերադարձվեն սկզբում, իսկ մյուս երկուսը՝ հինգ տարի անց: Հետևությունները թողնում եմ ընթերցողին... - Թյուրքերը երբեք չեն համաձայնվի մի այնպիսի լուծման, որը կարող է ձեռնտու լինել նաև Հայաստանին: Համատեղ ունենալով ահռելի ժողովրդագրական, ռազմական և տնտեսական գերակայություն Հայաստանի նկատմամբ՝ 85-90 միլիոն բնակչությունն ընդդեմ 3 միլիոնի, 1.2 միլիոն թվաքանակով բանակ ընդդեմ 50-60 հազարի, տասնյակ անգամներ գերազանցող պետբյուջե և ՀՆԱ, Թուրքիան և Ադրբեջանը չեն կարող համակերպվել այն փաստի հետ, որ հայերից չեն ստացել այն ամենը, ինչ ցանկացել են, միևնույն ժամանակ չզիջելով բառացիորեն ոչինչ: Այսպիսի գիշատիչներին հոժարակամ ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերի մեկ մատնաչափ զիջումն անգամ հավասար է ինքնասպանության: Ի վերջո, Մեծ Եղեռնը, Սումգայիթը, Բաքուն ու Ղարաբաղում պարտադրված պատերազմը մղձավանջային երազներ չեն: Դրանք տեղի են ունցել իրականում, ոչ վաղ անցյալում: Իսկ վստահության վերականգման ուղղությամբ մեր ապագա «բարեկամների» կատարած քայլերի թիվը հավասար է... զրոյի: Եվ այսպես, ահա թե ինչն եմ ես անվանում քաղաքական հաշվարկ և սառը դատողություն, որը թեև չի առաջարկում ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակ (որովհտև այդպիսիք ուղղակի բացակայում են Ադրբեջանի նման «գործընկերոջ» պարագայում), բայց և միանգամայն ռացիոնալ դաշտում ապահովագրում է եղած վիճակի պահպանումը և այդ պայմաններում երկրի զարգացումը: Այնքան, որքան կկարողանանք: Իսկ հակառակորդի՝ «տու՛ր ինձ ամեն ինչ, ստացի՛ր ոչինչ» կարծրացած դիրքորոշման պարագայում գերպացիֆիստական կիսատ-պռատ փուլային լուծումները գնահատում եմ նվազագույնը արկածախնդրություն: Ինչպես գիտենք, ոչ բոլորն են ինձ նման մեղմ արտահյտվելու սիրահար: ԷԴԳԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

No comments: