Wednesday, July 21, 2010

Հ.Դեմոյան. «Հենց այնպես ԱՄՆ-ն Ցեղասպանությունը չի ճանաչի »

Panorama.am. 21-7-2010- Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կարծում է, որ այլևս հայ-թուրքական հարաբերությունները դիտարկել առանձին ընդհանուր տարածաշրջանային զարգացումներից անիմաստ է: «Բայց և չենք կարող ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընացի առաջին փուլն է ավարտվել, քանի որ երկրորդ փուլի սպասելիք էլ չկա»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց նա: Ամփոփելով այդ փուլը` Հ.Դեմոյանի գնահատականը հետևյալն է` «արձանագրությունները չվավերացվեցին միմիայն Թուրքիայի պատճառով, քանի որ այդ պետության մոտեցումն արժեզրկեց արձանագրությունների նշանակությունը»: Այս ֆոնին բանախոսը երկու կարևոր հետևություն է անում: Նախ, այն հույսերը, որ արձանագրությունների ստորագրումով տածում էին Անկարայում և Բաքվում ի դերև եղան. «Դրանք չարդարացան այն պատճառով, որ հայկական կողմը գործընթացի այս փուլում և որևէ զիջման չգնաց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պարագայում»,- նշեց Հ.Դեմոյանն, իսկ երկրորդ հետևությունն էլ այն է, որ արձանագրությունները թուրքական բլեֆերն առաջ քաշեցին, որոնք տասնամյակներ շարունակ հետևողականորեն ապակողմնորոշում էին միջազգային հանրությանը: «Նրանք հասկացան, որ անկախ արձանագրությունների ստորագրումից ու վավերացումից Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ունի իր ուրույն տրամաբանությունն ու զարգացումը և որ այն կախված չի լինելու որևէ ենթահանձնաժողովից կամ արձանագրությունից»,- նշեց Հ.Դեմոյանն ու ավելացրեց, որ այս երկու դեպքում էլ թուրքական կողմը, փաստորեն, պարտվել է: Միևնույն ժամանակ նա կարծիք հայտնեց, որ թեև Ցեղասպանության ճանաչման սցենարն առկա է ԱՄՆ օրակարգում, այդուհանդերձ այն կախված է ամերիկա-թուրքական հարաբերությունների սցենարից: Եվ այս իմաստով շատ կարևոր են նաև գործընթացները, որ առկա են հենց Թուրքիայի ներսում, քանի որ զինվորականությունը Արևմուտքի կրթված կոնտենգետն է, սակայն այսօր ակնհայտ է, որ բանակի իսլամացումն էլ բավականին ակտիվ տեմպերով է ընթանում: «Հետևաբար սրա համատեսքտում պետք է տեսնենք այդ հարցի լուծումը, քանի որ հենց այնպես ԱՄՆ-ն Ցեղասպանությունը չի ճանաչի և միայն այն դեպքում, երբ կտեսնի, որ Թուրքիան լիովին դուրս է գալիս իր վերահսկողության ուղեծրից, այդ ժամանակ կկիրառվեն տարբեր մեխանիզմներ» ,- նշեց բանախոսը:

No comments: