Wednesday, July 21, 2010

Ֆրենսիս Ռիկարդոնեն Հայոց ցեղասպանության հարցում հավատարիմ է մնալու պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշմանը

Tert.am. 21-7-2010- Երեկ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության հարցը: Ամերիկայի հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ դոմոկրատ սենատոր Ջոն Քերիի նախագահությամբ կայացած նիստում սենատորները Ռիկարդոնեին են ուղղել Հայոց ցեղասպանությանը, կիպրական հիմնախնդրին, Թուրքիայի հունաց պատրիարքարանին, թուրք-ամերիկյան, թուրք-իսրայելական, թուրք-իրանական հարաբերություններին և Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK) առնչվող հարցեր: Հայտարարելով, որ ինքն անելու է հնարավորը թուրք-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու համար, Ռիկարդոնեն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի համագործակցության ոլորտներից է PKK-ի դեմ պայքարը: Իսկ երբ հայամետ և հունամետ հայացքներով հայտնի ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը փորձել է պարզել ամերիկացի դիվանագետի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման առնչությամբ, Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտարարել է, որ դիվանագետներն անձնական քաղաքականություն չունեն, և որ Հայոց ցեղասպանության հարցում ինքը շարունակելու է պաշտպանել ամերիկյան վարչակազմի որդեգրած քաղաքականությունը: Ռիկարդիոնեն պատասխանել է նաև հայ–թուրքական հարաբերությունների վրեաբերյալ հարցին։ «Տարածաշրջանային ինտեգրումը ԱՄՆ առաջնահերթություններից է։ Թուրքիայի և Հայաստանի մերձեցումը կամրապնդի կայունությունն ու բարեկեցությունը ողջ տարածաշրջանում»,– ասել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ–ը կշարունակի հորդորել Թուրքիային վավերացնել Արձանագրությունները և աջակցելու է բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված են թուրքերի և հայերի միջև փոխըմբռնման կառուցմանը։ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է նաև Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ջեյմս Ջեֆրիի թեկնածության հարցը: Հիշեցնենք, որ նախքան Ռիկարդոնեի թեկնածության քննարկումը Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն էր տարածել, որում ամերիկացի դիվանագետին կոչ էր անում հորդորել Թուրքիային «վերջ դնել մերժողական քաղաքականությանը և հաշտվել Ցեղասպանության իր ժառանգության հետ»:

No comments: