Thursday, July 8, 2010

Սեղանի վրա ինչ–որ մի նոր փաստաթուղթ կա. Սաֆրաստյան

Tert.am. 8-7-2010- Մինչև սեպտեմբեր դժվար թե որևէ առաջընթաց արձանագրվի Լեռնային Ղարաբաղի բանակցություններում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Tert.am–ի հարցին ի պատասխան` Սաֆրաստյանն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի առաջընթաց գուցեև կա, սակայն մանրամասներին ծանոթ չենք. «Բայց ամեն դեպքում սեղանի վրա ինչ–որ մի նոր փաստաթուղթ կա, որը հիմնվում է Մադրիդյան սկզբունքների վրա, որը կարելի է բնութագրել, ինչպես ես արդեն բնութագրել եմ, որպես Պետերբուրգյան առաջարկներ։ Երկու կողմերն էլ այն ընդունել են որպես բանակցությունների հիմք, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում բանակցային գործընթացը տեղի կունենա այդ փաստաթղթի քննարկման հիման վրա։ Սա է իրականությունը»։ Միևնույն ժամանակ, ըստ Սաֆրաստյանի, նշված փաստաթուղթն այնպիսին չէ, որը հնարավորություն կտա միանգամից հասնել կտրուկ շրջադարձի բանակցային գործընթացում, «բայց ամեն դեպքում ընդունել են կողմերը, ինչը նշանակում է, որ բանակցելու ինչ–որ հիմքեր կան։ Օգոստոսին նախագահ Մեդվեդևի այցը Հայաստան կարևոր կլինի այն առումով, որ Ադրբեջանին որոշ չափով կստիպի ավելի լուրջ վերաբերվել իր պարտավորություններին զինադադարը պահպանելու ուղղությամբ»։

No comments: