«Լրագիր» 2-7-2010- Հուլիսի 2-ին Սիվիլիթաս հիմնադրամն անցկացրեց “Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա” թեմայով քննարկում, որի գլխավոր բանախոսն էր զինված հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով ճանաչված վերլուծաբան, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ Ժերար Շալյանը: Քննարկումը վարում էր Սիվիլիթաս հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը:
Բանախոսն անդրադարձավ տարածաշրջանի մի քանի պետությունների այսօրվա դիրքերին և նոր իրավիճակի հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա: Խոսելով Թուրքիայի մասին` պարոն Շալյանն ասաց, որ Թուրքիան իրեն չի ընկալում որպես տարանցիկ երկիր Եվրոպայի համար: Թուրքիան այսօր իրեն համարում է կենտրոն` թե Մերձավոր Արևելեքի, թե Կենտրոնական Ասիայի: Թուրքիան այսօր տարածաշրջանի ամենամեծ դերակատարում ունեցող երկիրն է: Եթե մի քանի տասնամյակ առաջ նման դիրքեր ունեին Եգիպտոսը կամ Իրանը, ապա այսօր այդ երկիրը Թուրքիան է:
“Հայաստանն այս տեսանկյունից գնալով ավելի է մեկուսանում”, վստահ է պարոն Շալյանը: Նա նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանը վերջին երկու-երեք տարիների ընթացքում չի ցուցաբերել արտաքին քաղաքական որևէ արժեքավոր նախաձեռնություն: Ֆուտբոլային դիվանագիտությունը նրա համոզմամբ չի կարելի այդպիսին համարել, քանի որ ստորագրված արձանագրությունները “այնքան էլ խելացի չէին”:
Հայկական կողմը համաձայնեց ցեղասպանության ուսումնասիրության հանձնաժողովին, համարելով, որ եթե Ղարաբաղը արձանագրություններում նշված չէ, ուրեմն այն մոռացված է: Մինչդեռ Թուրքիան սահմանը ցեղասպանության խնդրի պատճառով չէր փակել. պատճառը հենց Ղարաբաղն էր: Ուստի Թուրքիան ցույց տվեց բոլորին, որ “իրենք պատրաստ են քայլերի, բայց հայերն են, որ խոչընդոտում են գործընթացը”:
Անդրադառնալով թուրք-իսրայելյան վերջին առճակատմանը, պարոն Շալյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի համար այս իրադարձությունների հետևանքները բացասական են, քանի որ Թուրքիան գնալով ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում արաբական աշխարհում, և դա կբարդացնի Հայաստանի հարաբերություններն այդ երկրների հետ, ինչպես նաև այդ երկրներում ապրող հայկական համայնքների վիճակը:
Ժերար Շալյանը, որ մեկ օր առաջ եղել էր Ղարաբաղում, պատասխանելով իր տպավորությունների մասին հարցին, ասաց. “Տպավորությունս այն է, որ պատերազմի հավանականությունը ավելի մեծ է, քան երբևէ”:
Պարոն Շալյանի համոզմամբ, Հայաստանի դիրքերն այսօր թույլ են: Աշխարհում վերջին շրջանում հաջողության հասած բոլոր ինքնորոշման պայքարների դեպքում ինքնորոշվող կողմին այս կամ այն կերպ աջակցել են խոշոր պետությունները: Դժվար է ասել, թե ով կաջակցի Ղարաբաղին: Մյուս կողմից, պարոն Շալյանի համոզմամբ, Ռուսաստանին ձեռնտու է, որ տարածքները մնան հայկական վերահոսկողության տակ, քանի որ դա որոշակի ազդեցության լծակ է տալիս Ադրբեջանի վրա: “Այդուհանդերձ, Ադրբեջանի կողմից անակնկալ հարձակումը մի բան է, որին պետք է պատրաստ լինել”:
Հարցին, թե ինչ կարող էր անել հայկական կողմն այդ պարագայում, պարոն Շալյանը պատասխանեց, որ պաշտպանվելու ձևերից մեկը հավանաբար անսպասելի հակահարված հասցնելը կարող է լինել: Ընդ որում, եթե խնդիրը հակառակորդին վնաս հասցնելն է, ապա հարվածը կարող է ուղղված լինել բնակչությանը, եթե խնդիրը միջազգային հանրության համար խնդիր ստեղծելն է, ապա հարվածը կարող է ուղղվել Բաքու-Ջեյհան նավթատարին:
Պատասխանելով Սալբի Ղազարյանի հարցին, թե եթե ընդունենք, որ ամեն ինչ որոշում են գերտերությունները, և եթե նրանք Ղարաբաղի դեպքում ի տարբերություն օրինակ Կոսովոյի կամ Թիմորի պատրաստ չեն առաջնորդվել նույն չափանիշներով, ուրեմն պետք է ընդունենք, որ մեր ճակատագիրը ուրիշների ձեռքում է, և արդյոք ելքը նստելն ու սպասելն է: Ժերար Շալյանը ճշտեց, որ “այդպիսի ռիսկ կա, որ քո ճակատագիրը առնվազն ոչ ամբողջությամբ է քո ձեռքում, երբ տկար ես, թույլ ես”:
Պատասխանելով այն հարցին, որ եթե Հայաստանն իրոք շատ առավելություններ չունի, որոնք են այն քայլերը, որ կարող էին ամրապնդել մեր դիրքերը, Շալյանը նշեց. “Շատ բան կա, որ Հայաստանը կարող էր և կարող է անել: Իրավիճակը մեր օգտին կշրջվի, եթե Հայաստանի տնտեսությունը հզորանա, երկիրն ավելի ժողովրդավար դառնա, իսկ արտաքին քաղաքականությունն ավելի միանշանակ և կտրուկ լինի”:
Հարցին, թե ինչով կարող է ժողովրդավարությունն ամրապնդել մեր դիրքերը Ղարաբաղի հարցում, պարոն Շալյանը բացատրեց, որ ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս ժողովրդին ինքնադրսևորվելու և նախաձեռնող ու ստեղծագործ լինելու, որը նաև հանգեցնում է տնտեսության աճին: Միայն այսպես Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment