Monday, July 19, 2010

ԻՍԿ ԻՆՉ ԵՔ ԴՈՒՔ

«Լրագիր» 19-7-2010- ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը, ինչպես եւ սպասվում էր, դարձավ բուռն քննարկումների առարկա: Դա թերեւս պայմանավորված է ոչ միայն նրանով, որ խոսքը ընդդիմության առաջնորդի երկար ընդմիջումից հետո ունեցած հրապարակային ելույթի մասին է, այլ նաեւ նրանով, որ ելույթի մեջ կային ձեւակերպումներ, որոնք լինելով միանգամայն հստակ եւ պարզ, այդուհանդերձ մեղմ ասած դժվարությամբ էին համադրվում 2-2,5 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծավալած գործունեության եւ հռչակած կարգախոսների հետ: Օրինակ, “Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը”, հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հարց է առաջանում, այդ դեպքում ինչու նա 2008 թվականի նախագահի ընտրությանը ծավալած համաժողովրդական շարժմանը չէր ասում, որ գալիս է Ղարաբաղի հարցը լուծելու, քանի որ զարգացման այլ ճանապարհ չկա, այլ հայտարարում էր, թե “գալիս է ավազակապետությունը կազմաքանդելու” եւ հասարակությանն առաջարկում էր օգտագործել իրեն որպես գործիք: Ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ասում, որ “ավազակապետությունը կազմաքանդելու է”, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծի, քանի որ առանց դրա հնարավոր չէ: Եթե այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը լռում էր այդ ամենի մասին, ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչ էր սպասում հասարակությանն ու Հայաստանին նրա նախագահ դառնալու դեպքում: Ընդհանրապես բավական հետաքրքրական էր, որ ՀՀՇ համագումարի ամբիոնը Լեւոն Տեր-Պետրոսյանն օգտագործեց առավելապես Ղարաբաղի հարցի մասին խոսելու համար, ու խոսքն էլ ոչ այնքան այդ հարցում առկա իրավիճակի մասին էր, որքան այդ հարցի կապակցությամբ սեփական դիրքորոշման հստակ արտահայտման: Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել էր պարզ ու բաց ասել, թե ինքը ինչ մոտեցում ունի Ղարաբաղի հարցի լուծման հարցում: Ինչու էր նա այդպես որոշել: Ինչի համար էր պետք այդ պահին բարձրաձայնել ընդդիմության այդօրինակ դիրքորոշման մասին, միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ “ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ Հայ Ազգային Կոնգրեսը հանրապետության քաղաքական կյանքում անփոխարինելի դերակատարություն ունեցող մշտական գործոն է”: Գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի տեղեկություն, կամ էլ գուցե պարզապես ինքն է հաշվարկել, որ Ղարաբաղի հարցում մոտ ապագայում կարող է հասունանալ “անկեղծության պահը” (թեեւ նա այդ մասին ասում է 2008 թվականի հոկտեմբերից ու ինքն էլ ելույթում խոստովանեց, որ եղել է որոշակի մոլորության մեջ), ու ժամանակն է, որպեսզի ընդդիմությունը ցույց տա, որ այդ հարցում Հայաստանի իշխանությանը խանգարող գործոն չէ: Ավելին, Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հարցը հերթական անգամ հստակ ու բաց տեքստով կապելով ներքին իրավիճակի հետ եւ ներքին զարգացումը պայմանավորելով Ղարաբաղի հարցով, գուցե իր “իմացած” կամ “հաշվարկած” անկեղծության պահից առաջ փորձեց ցույց տալ, որ ընդդիմությունը նաեւ ներքին խնդիրների առումով չի խանգարի իշխանությանը, ներքին խնդիրներով չի շեղի նրան Ղարաբաղի հարցից: Այլ կերպ ասած, միգուցե Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես փորձում է փակել Ղարաբաղի հարցում իշխանության նահանջի ճանապարհը: Մյուս կողմից, դա կարող է պայմանավորված լինել նաեւ ոչ թե “անկեղծության պահի” սպասումով (առավել եւս, որ Տեր-Պետրոսյանը հրապարակային առումով այժմ այդպիսի բան չի կանխատեսում, ասելով, թե հարցը միջազգային հանրության առաջնահերություն չէ), այլ հենց այդ պահի հեռու լինելու գիտակցումով: Բանն այն է, որ վերջին 1,5-2 տարիներին Ղարաբաղի հարցում զարգացումները իր մարտավարության առանցքը դարձրած ընդդիմության առաջնորդը տեսնում է, որ իշխանությունը բարեհաջող, առանց լուրջ կորուստների նահանջում է (իհարկե, ոչ իր հմուտ դիվանագիտության կամ հեռատեսության, այլ ընդամենը միջազգային հանգամանքների բարեհաջող դասավորության շնորհիվ), ինչի հետեւանքով ներքին կյանքում իշխանության մարտավարական դիրքը որոշակիորեն ամրանում է, իսկ ընդդիմությանը` թուլանում (եթե արդեն իսկ չի թուլացել զգալիորեն): Միգուցե հենց ընդդիմության դիրքի թուլության արտահայտությունն է այն, որ ՀՀՇ համագումարի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց վերջնականապես բացել իր խաղաքարտերը Ղարաբաղի հարցում, որոնք խնամքով փորձում էր հնարավորինս փակ պահել 2007 թվականի սեպտեմբերի 21-ի իր վերադարձի ելույթից ի վեր: Այդ իմաստով, Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթը, անկախ դրա բովանդակության հետ համաձայն լինել-չլինելուց, կարող է լինել շրջադարձային: Ընդ որում շրջադարձային ոչ թե Ղարաբաղի հարցի, կամ արտաքին զարգացումների, այլ ներքաղաքական կյանքի իմաստով: Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի ցույց է տալիս, որ երկրի զարգացման մասին իր պատկերացումները չեն փոխվել եւ նույնն են, ինչ 90-ականների իր նախագահության տարիներին: Ինչ որ իմաստով, Տեր-Պետրոսյանը հասարակությանը դնում է արտահերթ ընտրության առաջ` շաարունակել ապավինել այդ հին պատկերացումների համակարգին, թե արդեն լրջորեն մտածել նորի մասին: “Ես այս եմ”, կարծես թե ասում է Տեր-Պետրոսյանը հասարակությանը, կարծես թե նաեւ հարցնելով` “Իսկ ինչ եք դուք”: Ու իսկապես, ինչ է հասարակությունը` կռապաշտների հանրո՞ւյթ, որն ինքնամոռաց սիրում կամ ատում է ինչ որ անձի, թե մտածելու եւ ընտրություն կատարելու ունակ քաղաքացիների ամբողջություն` որն անձերին ընդամենը տեղավորում է երեւույթների մեջ ըստ նպատակահարմարության: Հիմա “ելույթի” հերթը հասարակությանն է, նրա ակտիվ մասինը: Այսինքն, Տեր-Պետրոսյանն ինչ որ առումով կրկին գիծ է քաշում քաղաքական դաշտում, ինչպես 2008 թվականին: Պարզապես այս անգամ կարծես ոչ թե այդ գծի մի կողմում ինքն է հասարակության հետ, իսկ մյուսում վարչակարգը, այլ մի կողմում ինքն ու վարչակարգն են, իսկ հասարակությունն էլ պետք է ընտրի, թե ինքը որ կողմում է (թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս անգամ միգուցե չկա կամ չի ուզում լինել իր քաշած գծի թե այս, թե այն կողմում, ու դրա համար է այդպես անմնացորդ բացում խաղաքարտերը): Այդպիսով, հասարակությունը պետք է որոշի, կողմնորոշվի: Այդ առումով, Տեր-Պետրոսյանի ելույթը բովանդակային կողմից բացի, ունի թերեւս մեկ այլ նշանակություն, որը կարծես թե աներկբա դրական է` նա բացում է մրցակցության դաշտ, կամա, թե ակամա, բայց նա տալիս է քննարկումների տեղիք, տալիս է իր տեսակետի հակադիր մոտեցումների կրողներին ծավալվելու լրացուցիչ խթան, շարժառիթ: Բայց շատ կարեւոր է, որ այդ ծավալումները լինեն անձերից վեր, առուծախերի տրամաբանությունից դուրս եւ հասարակությանն ընդամենը հստակ ու պարզ բացատրեն երեւույթները, թե որոնք են Հայաստանից արտագաղթի բուն պատճառները, թե ինչու չի լինում ժողովրդագրական աճ, թե ինչու զարգանում Հայաստանը, թե այդ չզարգացման գործում Ղարաբաղի հարցն ավելի շատ պատճառ է, թե հետեւանք: Այդ երեւույթների մասին քննարկումների պարագայում անձերի մասին հետեւություններ հասարակությունն ինքը կանի բոլորից շատ ավելի լավ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: