Monday, July 19, 2010

100-ամյա քուրդ կինը մինչեւ հիմա մտորում է, թե ինչու՞ 1915-ին կոտորեցին իրենց հայ հարեւաններին

News.am. 19-7-2010- Թուրքիայի Թունջելի նահանգի (Դերսիմ) գյուղերից մեկում ապրող 100-ամյա քուրդ կինը 72 տարի փնտրում է իր ընտանիքի անդամներին։ 1938-ի Դերսիմի զանգվածային կոտորածների ընթացքում ընտանիքի բոլոր անդամներին կորցրած 100 ամյա տիկին Դողրուն պատմում է, որ թուրք զինվորականների ջարդից փախչող քուրդ բնակչությունը թաքնվում էր անտառներում եւ ժայռերում, սակայն նրանց փոքր երեխաները սովից ու հոգնածությունից լացում էին, եւ մատնում իրենց գտնվելու վայրը, ինչի պատճառով բազմաթիվ մայրեր իրենց երեխաներին ողջ-ողջ նետել են գետը։ «Բոլոր տղամարդկանց սպանեցին, սակայն 100-ավոր աղջիկ երեխաներին թուրք զինվորականները ի՞նչ արեցին, նրանք մինչեւ հիմա կորած են»-հիշում է 100-ամյա կինը՝ ասելով, թե իրենք երբեք չէին մտածի, որ հայերի նկատմամբ իրականացրած կոտորածը իրենց դեմ էլ կիրականացվի։ «1915-ի հայերի կոտորածների ժամանակ բոլորս լուռ մնացինք։ Գյուղերում հայերի հետ միասին էինք ապրում։ Այն ժամանակ նույնիսկ մեր տարիքով մեծերը չէին հասկանում, թե ինչու՞ են մեր հայ բարեկամներին կոտորում։ 25 տարի անց հերթը մեզ հասավ, սակայն երբեք չէինք էլ կռահի, թե մեզ էլ հայերի պես կկոտորեն»-ցավով հիշում է տիկին Դողրուն։ Նշենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։ 1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

No comments: