Tert.am. 8-7-2010- Գլենդեյլում բնակվող հայերը մեծ աջակցություն ցույց տվեցին ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային ընտրությունների ժամանակ, սակայն նա դրա դիմաց ոչինչ չարեց։ Այսօրվա ասուլիսում այս մասին ասաց ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի հայազգի քաղաքապետ Արա Նաջարյանը։
«Հայերը շատ են նեղված, որ Բարաք Օբաման չկատարեց նախընտրական քարոզարշավի ժամանակ իր տված խոստումը, նա կարծես թե խաղում է մեր հետ», – ասաց նա՝ հիշեցնելով, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունը նախագահն անվանեց «Մեծ եղեռն»։
Քաղաքապետը կարծում է, որ Օբամային իր խոստումը կատարել խանգարեց թուրքական լոբբիստական կազմակերպությունների գործունեությունը:
Նաջարյանը նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարի Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և հայ թուրքական Արձանագրություններին՝ Նաջարյան հիշեցրեց, որ Գլենդեյլում բնակվող հայերը բողոքի ցույց են կազմակերպել։ Նրա խոսքով՝ տեղի հայերը վախենում էին, որ Արձանագրությունների համաձայն՝ կստեղծվի պատմական հանձնաժողով, որը պետք է քննարկման դնի Հայոց ցեղասպանության փաստը։
Անդրադառնալով սահմանի բացմանը՝ Նաջարյանը նկատեց, որ իրենք այս հարցում չպետք է խառնվեն հայաստանցիների գործերին. այս հարցի շուրջ իրենց որոշումը պետք է կայացնեն հայաստանցիները։ Միաժամանակ, նա նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ամբողջ հայության գործն է:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, քաղաքապետը նշեց, որ լավ կլինի, եթե հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, այնուամենայնիվ, պատերազմի վերսկսման դեպքում Ղարաբաղի համար պատրաստ են պայքարել ոչ միայն հայաստանցի հայերը, այլև Սփյուռքի հայերը:
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment