NEWS.am-ի զրուցակիցն է Պոլսո Հայոց նորընտիր փոխպատրիարք Արամ Աթեշյանը։
-Ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ ընտրվելը հակասություններ եւ տարաձայնություններ է առաջ բերել հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում, քանի որ Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհուրդը դիմել էր թուրքական իշխանություններին՝ աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվության, իսկ պատրիարքարանի նախաձեռնող խումբը՝ նոր պատրիարք ընտրելու խնդրանքով։ Ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ վերոնշյալ տարաձայնությունների հետեւանքով հայ համայնքը կիսվել է երկու մասի։
-Նախ եւ առաջ պետք է ասել, որ հակասություններն ու տարակարծությունները ծնունդ չեն առել ընտրության պատճառով։ Մյուս կողմից, պետք է ասել, որ գաղափարների տարբերությունները երբեք պատճառ չեն դարձել, որ հայ համայնքը պառակտման մատնվի։
Թուրքիայի Հայոց պատրիարքությունն ունի իր ավանդույթներ եւ ներքին վարչաձեւ, որոնցով էլ կառավարվում է։ Ներքին վարչամեքենայի աշխատանքը հունի մեջ է դրվում ավանդույթներով ու նրանց խտացումը հանդիսացող Ազգային Սահմանադրության հոդվածների համաձայն։ Այս պարագայում էլ այդպես է եղել։ Պատրիարքական Աթոռի Կրոնական Ժողովը դիմում է ներկայացրել պատկան իշխանություններին, որպեսզի Մեսրոպ Երկրորդ Պատրիարքի հիվանդության պատճառով առաջացած իրավիճակում կարողանա համայնքային ու կրոնական գործընթացները շարունակել ըստ արժանվույն։ Այդ ուղղությամբ Կրոնական Ժողովը հարմար գտավ Աթոռակից Պատրիարքի ընտրությունը՝ հարգելով Աթոռակալին եւ ժողովրդին։ Պատրիարքի ընտրության խնդրանքով՝ այս ուղղությամբ կազմված ու գործելու հրավիրված Նախաձեռնարկ Մարմինը անջատ դիմում ներկայացրեց նույն իշխանություններին։ Պատկան իշխանությունները, հարգելով Մեսրոպ Երկրորդ Պատրիարքի ընտրված լինելու հանգամանքը՝ թելադրեցին Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդի ընտրություն՝ նկատի ունենալով մեր ավանդույթներն ու ազգային Սահմանադրության տնօրինումները։
-Որո՞նք են (եթե, իհարկե, առհասարակ կան) աթոռակից պատրիարքի եւ պատրիարքի փոխանորդի լիազորությունների միջեւ եղած տարբերությունները։
Հայ Եկեղեցու վարչամեքենայի մեջ գոյություն ունեցող Աթոռակցության դրության լիազորությունների սահմաններում է, որ Պատրիարքն իրեն աթոռակից ունենա, ով համահավասար իրավունքներ ունի Աթոռակալի հետ։ Իսկ փոխանորդը փոխարինում է Աթոռակալին։
-Առաքելական եկեղեցական աստիճանակարգում պատրիարքի փոխանորդի աստիճան, որպես այդպիսին, չկա։ Ի՞նչ հիմքերով է այդ դեպքում տեղի ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի ընտրությունը։
Հայ Եկեղեցու նվիրապետության մեջ որպես աստիճան տեղ չունեն նաեւ կաթողիկոսական տեղակալները, պատրիարքական տեղապահները, փոխանորդները կամ ընդհանուր փոխանորդները, լուսարարապետներն ու դիվանապետները, որոնցով կառավարվում են եկեղեցու աթոռները։ Դրանք ոչ թե աստիճաններ են, այլ միայն վարչական պաշտոններ։ Այդ առումով Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռի համար կատարված ընտրությունը առնչություն ունի ուղղակի Ազգային Սահմանադրության տրամաբանության հետ։ Գահի թափուր լինելու պարագայում կատարվում է տեղապահի ընտրություն, ինչը եւ արդեն արվել է։ Այդ ընտրությունը կատարել է Թուրքիայի Հայոց Պատրիարքության իրավասության սահմաններում գործող Եկեղեցական Համագումար Ժողովը։ Պետք է ավելացնել նաեւ, որ մեր կատարած ընտրության արդյունքով՝ Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդության պաշտոնում կարող էր ընտրվել վարդապետ կամ քահանա, որի համար բնական թեկնածուներ էին Աթոռի հոգեւոր իշխանության տակ գործող 26 հոգեւորականները։
Զրույցը վարեց Անի Ղազարյանը
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment