Monday, July 19, 2010

Վրաստանն ու Ադրբեջանը էներգիա կարտահանեն Թուրքիա և Իրան

Tert.am. 19-7-2010- Ադրբեջանն ու Վրաստանը մտադիր են էլեկտրաէներգիայի արտահանում կազմակերպել։ Այս մասին նախօրեին Բաթումում հայտարարել է Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևը։ Հիշեցնենք, որ ադրբեջանական պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել երկրի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։ «Սա մեր կարևորագույն նախագծերից մեկն է, որի իրականացման համար կառուցվում է 500 կմ-անոց էլեկտրահաղորդման գիծ»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ դրա կառուցումից հետո Ադրբեջանն ու Վրաստանը կարող են էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա և Իրան։ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին իր հերթին հաստատել է, որ վրացական կողմն արդեն սկսել է հաղորդման գծի կառուցումը, և վրացական կողմում մնացել է ավարտել 18 կմ-անոց հատվածի շինարարությունը։ «Սա շատ կարևոր նախագիծ է, որը մեզ հնարավորություն կտա արտահանել էլէներգիայի ավելցուկը, հիմնականում ամառվա շրջանում»,- նշել է նա։

No comments: