Monday, July 19, 2010

Նալբանդյան-Լավրով հանդիպմանը քննարկվել են Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները

Ալմաթիում հուլիսի 17-ին կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից: Մասնավորապես Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ օգոստոսի 18-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հերթական գագաթաժողովի շրջանակներում Հայաստան կայցելի ՌԴ նախագահը: Նախարար Նալբանդյանի և Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հանդիպման ժամանակ արծարծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայմանն ուղղված կատարվող աշխատանքները: Պայմանավորվուծություն է ձեռք բերվել դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր ստորագրել նախարական մակարդակով հաջորդ հանդիպմանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ: Ալմաթիյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել են փոխադարձ հետաքրքրութոյուն ներկայացնող մի շարք հարցեր: Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարարը փոխանցել է իր երկրի կառավարության երախտագիտությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի կարևոր ներդրման համար: Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգթոնը անդրադարձել են արցախյան ելհիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

No comments: