Tuesday, July 20, 2010

Ազգությամբ հայը Շվեդիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել

Panorama.am. 20-7-2010- Երկուշաբթի շրջանային Շվեդիայի դատարանը շվեդ հարուստ գործարար Թոմաս Գրյոնդալին սպանելու համար տարբեր պատժաչափերով ազատազրկման է ենթարկել Էստոնիայի երեք քաղաքացու, որոնցից մեկը ազգությամբ հայ է: Ինչպես տեղեկացնում է էստոնական ERR Novosti գործակալությունը, ձեռնարկատերը սպանվել էր 2009-ի ապրիլի 27-ին: Դեպքի վայրից հանցագործը փախել էր Volkswagen Passat մեքենայով, որը պատկանել է սպանված գործարարի ղեկավարած ընկերությանը: Հետագայում ավտոմեքենան գտնվել է Տալլինում, իսկ ահա նախորդ տարվա սեպտեմբերին ձերբակալվել և շվեդական իրավապահ մարմիններին սպանություն գործելու կասկածանքով հանձնվել են 31-ամյա ազգությամբ հայ Էստոնիայի քաղաքցի Արկադի Մկրտչյանը, 46-ամյա Զինաիդա Չեռնուխինան և 22-ամյա Վալենտինա Կոչնևա-Մկրտչյանը: Սպանության հետաքննության համար էստոնական ու շվեդական դատախազությունները պայմանագիր են կնքել նախորդ տարի և ստեղծել միջպետական հետաքննական խումբ: Դատախազ Լավլի Լեպպն ասել է, որ սպանության դրդապատճառը 100 մլն կրոնի նյութական օգուտ ստանալու ցանկությունն է եղել: Նշվում է նաև, որ ավելի վաղ գործարարի սպանությանը մասնակից է եղել նաև նրա կինը` Քսենյա Կոչնևա-Գրյոնդալը: Եվ ահա նախօրեին շվեդական դատարանը Էստոնիայում ապրող Հայաստանի քաղաքացի Արկադի Մկրտչյանին, ով խոստովանել է իր մեղքը, դատապարտել է ցմահ ազատազրկման: Գործարարի կինը` Քսենյա Կոչնևա-Գրյոնդալը և նրա քույրը` Վալենտինան, որոնք երկուսն էլ Էստոնիայի քաղաքացիներ են, խոստովանել են, որ կազմակերպել են սպանությունը և դատապարտվել են 10-ական տարվա ազատազրկման: Իսկ Էստոնիայում ապրող Ռուսաստանի քաղաքացի Չեռնուխինան դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման` որպես սպանության նախապատրաստության մասնակից:

No comments: