Monday, July 19, 2010

PKK-ն սպառնում է ահաբեկություններ իրականացնել Թուրքիայի կուրորտներում

Tert.am. 19-7-2010- Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) սպառնում է արձակուրդների թեժ շրջանում ահաբեկությունների շարք կազմակերպել թուրքական կուրորտներում։ Այս մասին հայտնում է Sunday Telegraph-ը։ PKK-ի առաջնորդներից Մուրաթ Քարայիլանը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը խախտել է անցյալ տարի ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և ռմբակոծել Իրաքում PKK-ի բազաները՝ կուսակցությանն այլընտրանք չթողնելով։ PKK-ի ռազմավարության կենտրոնում կլինեն Թուրքիայի մեծ քաղաքները։ Առաջին հերթին խոսքը Թուրքիայի արևմտյան քաղաքների մասին է, որտեղ հանգստանում են զբոսաշրջիկներն ու գործարարները, և որտեղ վերջին տասնամյակում բազմիցս գործի են դրվել պայթուցիկ սարքեր։ Քարայիլանը հայտարարել է, որ PKK-ն առաջիկայում Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում կհայտարարի «ժողովրդավարական ինքնավարություն»։ «Եթե Թուրքիան այն չճանաչի, դա նրանց խնդիրն է»,- ասել է նա։

No comments: