Monday, July 19, 2010

ՏԱԼ-ՉՏԱԼ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇՎԱՔՈՒՄ

«Լրագիր» 19-7-2010- Ղարաբաղի հարցի առնչությամբ հայտնելով իր ոչ անհայտ դիրքորոշումն այն մասին, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել` “Սերգոն լավ չի ապրելու”, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ հարուցել է շատերի հիացմունքը` ովքեր նրան գրեթե հռչակել են Հայաստանում պրագմատիզմի խորհրդանիշ կամ պրագմատիզմի Աստված, ինչպես նաեւ շատերի հիասթափությունն ու վրդովմունքը, ովքեր թե նրա նախագահության տարիներին, թե այժմ համարում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է Հայաստանում պարտվողական տրամադրությունների կնքահայրը, իսկ ներկայիս իշխանությունն էլ ընդամենը նրա “սանիկն” է: Բայց մի պահ թերեւս արժե դուրս գալ հիացմունքների եւ վրդովմունքների դաշտից եւ խնդիրը դիտարկել քաղաքական կեցվածքի համատեքստում: Այդ առումով, տվյալ կեցվածքի ընդունելիությամբ կամ անընդունելիությամբ հանդերձ, ակնհայտ է այն, որ Տեր-Պետրոսյանը գրեթե միակն է, կարծես թե նույնիսկ առանց “գրեթե”-ի` միակն է Հայաստանի քաղաքական դաշտում, ով թե իշխանություն, թե ընդդիմություն, ընդհանրապես քաղաքական այր եղած տարիներին հստակ դիրքորոշում է արտահայտում Ղարաբաղի հարցի կարգավորման իր ունեցած պատկերացման կապակցությամբ: Նա գոնե հստակ ասում է, որ ինքն այսպես է մտածում, ու ելնելով իր մտածածից` անում է կամ անելու է այսպես, որ իր այդ պատկերացումները դառնան իրականություն: Իսկ ինչ են ասում մյուսները, այն մարդիկ, ովքեր Հայաստանի անկախության սկզբից մինչ այժմ հասարակության առաջ հանդես են գալիս տարբեր ուժգնության քաղաքական հավակնություններով` մեկ աշխուժանալով, մեկ անցնելով երկրորդ կամ նույնիսկ երրորդ եւ չորրորդ պլան, կամ մշտապես լինելով միջին կոնդիցիայի շրջանակում: Անուններն այստեղ թերեւս անիմաստ են, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտը պարզ ու իմանալի է առավել քան երբեւէ: Ու այդ իմանալի քաղաքական դաշտում անիմանալի է միայն հենց Ղարաբաղի հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշումը: Չկա որեւէ մեկը, իշխանությունից մինչեւ մերձիշխանություն, կեղծ ընդդիմությունից մինչեւ զեղչ ընդդիմություն, որ ասի, թե ինքն ահա հենց այսպես է պատկերացնում Ղարաբաղի հարցը` փոխզիջում պետք է լինի, կամ փոխիջում չպետք է լինի, տարածք պետք է վերադարձնել, թե ասենք պետք է ընդամենը վերադարձնել այդ տարածքներից բերված եւ Երեւանում իրացված խողովակները: Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ եւ ուժ չի համարձակվում Ղարաբաղի հարցում ներկայացնել սեփական պատկերացումը հստակ ու աներկբա: Բանը թերեւս այն է, որ իրականում նրանցից որեւէ մեկը դեմ չէ Տեր-Պետրոսյանի փիլիսոփայությանը, եւ ավելին` եթե Տեր-Պետրոսյանը առաջնորդվում է իր գաղափարական եւ արժեքային բազայով, ապա մյուսները թերեւս առաջնորդվում են բնազդով` եթե պետք է մեր իշխանության կամ իշխանության շվաքի տակ մեր բարեկեցության համար, ուրեմն տանք, իսկ քանի դեռ այդ պետքն ու անպետքը հայտնի չէ, ուրեմն աշխատենք չխոսել տալուց: Հակառակ պարագայում, եթե արժեքային, մտա-գաղափարական առումով, քաղաքական մնացյալ դաշտը` իշխանություն գագաթից մինչեւ լանջերը, լիներ այսպես ասած տեր-պետրոսյանական մոտեցմանը հակադիր, ապա այդ մոտեցումը Հայաստանում վաղուց արդեն թերեւս դարձած կլիներ պատմություն, եւ Ղարաբաղի հարցը վաղուց արդեն չէր լինի Հայաստանի ներքին կյանքում առկա համակարգային` “էլիտար” արատների արդարացում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: