Monday, August 16, 2010

Սուրբ խաչի արարողությանը 6000 մարդու մասնակցությունն անհնար է

Tert.am. 16-8-2010- Վանի Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու ընդհանուր մակերեսը մոտ 100 քմ է, որտեղ շատ մարդ չի կարող տեղավորվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց «Վան–Վասպուրական հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահ Ռոմիկ Հովնանյանը՝ նշելով, որ Սուրբ խաչ եկեղեցու, ինչպես նաև Աղթամարի կղզու չափերի պատճառով սեպտեմբերի 19–ին կայանալիք միջոցառմանը շատ մարդ չի կարող մասնակցել։ «Տեխնիկապես հնարավոր չէ, որ այդքան մարդ տեղավորվի։ Սա պարզապես թուրքական կառավարությունն օգտագործում է քաղաքական նպատակով, շոու սարքելու և աշխարհին ցույց տալու համար, թե մենք հայերի հետ լավ հարաբերություններ ունենք»,– հայտարարեց հայրենակցական միության նախագահը։ Վերջինս, մամուլից տեղեկանալով, որ սեպտեմբերի 19–ին կայանալիք միջոցառմանը մոտ 6000 մարդ է մասնակցելու, զարմացել է, քանի որ վստահ է, որ այդքան մարդ Վրաստանի տարածքով չի կարող երկու օրում անգամ հասնել արարողությանը։ «Լավագույն դեպքում կարող է 600 մարդ անցնել սահմանը, բայց անգամ եթե այդ 6000–ը կարողանան երկու օրում հասնել, միևնույնն է, այդքանը չեն կարող եկեղեցում տեղավորվել։ Ընդամենը 30 հրավիրատոմս է լինելու, իսկ կղզում 1000–ից ավելի մարդ չի կարող տեղավորվել»,– ասաց Ռոմիկ Հովնանյանը։ Ըստ նրա, իրավիճակից անտեղյակ մարդիկ, ովքեր կգնան Աղթամար, ոմանք էլ, ում բախտ կվիճակվի հասնել եկեղեցի, չեն կարող ներս մտնել և հնարավոր է՝ մի մեծ էկրան դրսում դնեն՝ ներկաներին ցուցադրելու եկեղեցու արարողությունը։ «Տուրիզմի ղեկավարներն ուզում են ժողովրդի վրա փող աշխատել, հյուրանոցները 4 անգամ թանկացել են»,– ասաց «Վան–Վասպուրականի» ղեկավարը։

No comments: